Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 09-04-2017
Խաղաղության կոչ` երաժշտության լեզվով
Հակամարտություններ, պատերազմներ, տարատեսակ այլ կոնֆլիկտներ, որոնք պարուրել են աշխարհը: Խաղաղության հաստատման խնդիրն օրհասական է ամբողջ աշխարհում, հատկապես` տարածաշրջանում:

Ապրիլի 8-ին երաժշտության լեզվով խաղաղության կոչ հանրությանը հղեց Արցախի պետական ջազ նվագախումբը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվեց «Ջազը հանուն խաղաղության» խորագրով բարեգործական համերգը, որի ընթացքում կոլեկտիվը հանդիսատեսին ներկայացրեց գեղեցիկ ջազային ստեղծագործություններ: Համերգին, բացի հայկական երկրորդ հանրապետության ջազ նվագախմբի, մասնակցեցին նաեւ հատուկ հյուրեր, որոնց թվում` Արմեն Հյուսնունցն ու Լեւոն Մալխասյանը:

Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Լալայանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց բոլորի ցանկությունն է, որ մեր ազգը խաղաղության մեջ ապրի:

«Արցախի պետական ջազ նվագախումբը հիմնադրվել է 2004 թվականին` մի խումբ խանդավառ երաժիշտների ջանքերով: Կարճ ժամանակի ընթացքում համերգներով ենք հանդես եկել, Երեւանում մասնակցել ենք ջազ փառատոնի: Արտասահմանյան հյուրախաղեր դեռ չենք ունեցել, բայց հուսով ենք, որ առաջիկայում կլինեն»,- հավելեց նա: 22 հոգանոց նվագախմբի ղեկավարը խոստովանում է` Արցախում բնավ հեշտ չէ նման կոլեկտիվ պահելը, սակայն երաժիշտներն իրենց աշխատանքը մեծ սիրով են կատարում:

«Մեր գործունեության ընթացքում Հայաստանում առաջին մենահամերգն է, շատ պարտավորված եւ ոգեւորված ենք: Հուսով եմ, որ եթե հանդիսատեսը մեզ հավանի, հետագայում եւս ելույթներ կունենանք այստեղ»,- ընդգծեց Տիգրան Լալայանը:

Ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցն էլ մեզ հետ զրույցում հիշեց մի թեւավոր խոսք` «Գեղեցիկը կփրկի աշխարհը»:

«Անշուշտ, դա նաեւ վերաբերում է երաժշտությանը` ջազին: Շատ խորդուբորդ խնդիրներ հարթեցնելու ուժ ունի այն: Ես հավատում եմ, որ երաժշտության միջազգային լեզվով իսկապես կարելի է դիպչել մարդկանց զգայուն կետերին եւ ինչ-որ կերպ նրանց ուղղորդել դեպի բարին, սերը: Որակյալ երաժշտությունն ի զորու է մարդուն կրթել, դաստիարակել, լուսավորել եւ սիրով տոգորել»,- նշեց նա:

Համերգը նախաձեռնել էին «Մեցցո Փրոդաքշն»-ը եւ Ջազի հայկական ասոցիացիան: Ի դեպ, հավելենք, որ համերգից ստացված հասույթը կուղղվի ԼՂՀ մշակույթի նախարարությանը: