Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 11-04-2017
Գիտելիքի ստուգո՞ւմ, թե՞ սթրես
Անքուն գիշերներ, տագնապալի մտքեր, ախորժակի կորուստ, դող ու հաճախակի սրտխփոց. այս երեւույթները ծանոթ են քննական շրջանում սթրեսի մեջ ընկնող ուսանողներին:

Քննությունների նշանակությունը պայմանավորված է նրանով, որ դրանց արդյունքներն ազդում են երիտասարդի հասարակական կարգավիճակի, ինքնագնահատականի, նյութական մակարդակի (ուսման վարձի փոխհատուցում, կրթաթոշակ), կրթական հեռանկարների, կարիերայի կառուցման վրա:

Ուսանողների համար ոչ այնքան հաճելի քննությունների միջոցով ստուգվում են գիտելիքները, սակայն սովորողները դրանց միանշանակ չեն վերաբերվում: 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Ավետիսյանը համաձայն է այն տեսակետի հետ, որ քննությունները չեն ստուգում, թե ինչքան ես աշխատել ամբողջ կիսամյակի ընթացքում, այլ այն, թե ինչքան կարող ես սովորել մեկ գիշերում։

Ուսանողուհին նշում է՝ անցյալ տարի քննություններն իր համար սթրեսի պատճառ էին, իսկ այսօր դարձել են սովորական երեւույթ. «Մեկ տարվա ընթացքում հասցնում ես ինչ-որ չափով փորձ ձեռք բերել ու ամեն ինչ տարբերակել: Երբ քիչ թե շատ ծանոթ ես քննությունների անցկացման կարգին, ամեն ինչ ավելի հեշտ է թվում»։

Մարիամն անցյալ տարի քննություններից անգամ մեկ-երկու ամիս առաջ էր սկսում պատրաստվել, սակայն վերջին շրջանում ժամանակի սղության պատճառով՝ քննության հենց նախորդ օրը։ 

Հոգեբան Սաթեն Գրիգորյանի կարծիքով՝ երկար ժամանակահատվածի համար նախատեսված նյութը մեկ օրում յուրացնել փորձելը ոչ միայն արդյունավետ չէ, այլեւ հավելյալ սթրեսի պատճառ է դառնում:

«Ուղեղը ծայրաստիճան ծանրաբեռնելու հետեւանքն էլ կարող է լինել այն, որ ուսանողն ուղղակի չի հիշի հսկայական ծավալը, ինչն էլ քննությունը ձախողելու պատճառ կարող է դառնալ։ Պետք է պատրաստվել գոնե մի քանի օրվա ընթացքում, ինչը ե՛ւ արդյունավետ կլինի, ե՛ւ սովորած նյութն ուղեղի մեջ կամրակայվի երկար ժամանակով»,- նշեց նա:

Մարիամի համակուրսեցի Լիլիթ Սարգսյանը պարապելը վերջին օրվան թողնելու սովորություն չունի: Համոզված է, որ գիտելիքը ձեւավորվում է աստիճանաբար՝ ամեն օր աշխատելով, դասաժամի ընթացքում դասախոսին լսելով, հետաքրքրությունների շրջանակը մեծացնելով:

Ուսանողուհու համար դժվարը պատրաստվելուն տրամադրվելն է. «Երեւի դա նրանով է պայմանավորված, որ դասերի բնական ընթացքի ժամանակ ծանրաբեռնվածությունն այնքան էլ շատ չէ, իսկ միանգամից քննական նյութը սովորելու միտքը վախեցնում է։ Դժվար է նաեւ քնի ժամանակից քննություններին հատկացնելը»:

Լիլիթը քննության ընթացքում հանգիստ է լինում. լարվածությունը նախորդող շրջանում է, սակայն մշակել է սթրեսից դուրս գալու իր եղանակը. «Քանի որ սթրեսային իրավիճակներն ինձ համար արտահայտվում են ուրիշ բան անելու ցանկություն չունենալով, ես հենց դա էլ ստիպում եմ ինձ անել: Հիմնականում սկսում եմ տունը հավաքել, մաքրել, լուրեր կամ երաժշտություն լսել»:

Սաթեն Գրիգորյանը նշում է՝ սթրեսի թիրախ սովորաբար դառնում են նրանք, որոնց դիմադրողականությունն արտաքին ազդակների նկատմամբ ավելի թույլ է, ովքեր խուճապի մեջ ընկնելու հակում ունեն։ Իսկ ամենախոցելի խումբը, ըստ հոգեբանի, գնահատականի համար սովորողներն են: Սթրեսից խուսափելու համար նա խորհուրդ է տալիս դիմել հայտնի սկզբունքին՝ այն միշտ տոնի վերածել։

«Պետք է կենտրոնանալ ոչ թե գնահատականի վրա, այլ գիտելիքի։ Ուսանողը պետք է հիշի, որ քննությունը նախատեսված է իր գիտելիքը գնահատելու համար, ուստի զարտուղի ճանապարհներով գնահատական կորզելու սկզբունքից պետք է զերծ մնալ։ Ի վերջո, էական չէ, թե ինչ գնահատական ես ստանում. կարեւորն այն է, թե ինչ գիտելիք ձեռք բերեցիր տվյալ դասընթացի շրջանակում»,- ասաց Սաթեն Գրիգորյանը։

Քննական շրջանում սթրեսը կարող է նաեւ դրական ազդեցություն ունենալ: Ամերիկացի հոգեբան Սարազոնը պնդում էր, որ քննությունից վախեցող ուսանողները կարող են նկատելիորեն բարելավել իրենց արդյունքները եւ նույնիսկ առաջ անցնել չվախեցողներից: Նման մարդկանց անհրաժեշտ է մի փոքր անհանգստանալ եւ վախենալ, որպեսզի հավաքեն ուժերը եւ հաջող հանձնեն քննությունները:

Թե ինչ ազդեցություն կթողնեն քննություններն ուսանողների հոգեբանական համակարգի վրա, կախված է նրանց տրամադրվածությունից, նյարդային համակարգից եւ խառնվածքից: Օրինակ՝ մելանխոլիկներին խորհուրդ է տրվում նվազեցնել մտահոգությունը, քանի որ թույլ նյարդային համակարգով մարդկանց համար ցանկացած քննություն մեծ սթրես է, իսկ ֆլեգմատիկներին, ովքեր ունեն ուժեղ նյարդային համակարգ, անհրաժեշտ է ավելի շատ մտահոգվել եւ վախենալ քննությունից՝ լավ հանձնելու համար: