Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 11-04-2017
Հայ ծանրորդները՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասին
Հայ ծանրորդները մրցանակներով են վերադարձել ծանրամարտի Եվրոպայի 2017 թվականի առաջնությունից:



Առաջնության մասնակիցներից Եվրոպայի առաջնության չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսել են մարզական ստուգատեսի մասին: Eritasard.am-ը ներկայացնում է հայ ազգի պատիվը բարձր պահած մարզիկների տպավորությունները:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյան 



«Սպասումները մեծ էին, սակայն դրանք արդարացան միայն պոկում վարժության ժամանակ: Հրում վարժությունում ուրիշ կիլոգրամներ էինք նախատեսել, բայց այլ բան ստացվեց: Պետք է ամեն ինչ անեմ, որ հրում վարժությունում ավելի շատ կիլոգրամներ բարձրացնեմ:

Լաշայի հետ (գերծանր քաշային կարգում հիմնական մրցակցի` վրացի Լաշա Տալախաձեի-հեղ.) մրցում եմ արդեն 6-7 տարի: Ոչ մի խոսք չունեմ, շատ ուժեղ մարզիկ է, բայց պետք է ամեն ինչ անեմ, որ Լաշան դառնա երրորդը` մեզնից հետո»: 

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Սիմոն Մարտիրոսյան



«Այս մրցմանը շատ լավ էինք պատրաստվել: Գիտեի, որ միայն Դավիթ Բեջանյանը կարող է լինել մրցակից, բայց նա էլ չէր հասցրել մարզավիճակ հավաքել: Մրցակցություն կար, բայց հակառակորդները վերջին մոտեցումները ձախողեցին, սակայն ես էլ լավ չիրացրի պոկում վարժության իմ մոտեցումները: Հրում վարժությունից գոհ եմ, պոկումից՝ ոչ»: 

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյան



«Արդյունքները նորմալ էին, սակայն երկու վարժությունում էլ՝ թե՛ պոկումում, թե՛ հրումում անհաջող մոտեցումներն իմ սխալներն էին, կարող էի ավելի լավ հանդես գալ: Կփորձենք առաջիկա մրցաշարերի ընթացքում ավելի լավ հանդես գալ:
Վնասվածքը լուրջ չէ, թեթեւ հոդախախտ կա, առաջիկա շաբաթների ընթացքում կսկսեմ մարզվել: Ամեն ինչ նորմալ է»: