Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 12-04-2017
Դասախոսություն՝ «Մենության թեման պոստիմպրեսիոնիստների կտավներում. Վինսենթ վան Գոգ, Սեզան, Լոտրեկ» թեմայով
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում անցկացվեց դասախոսություն՝ «Մենության թեման պոստիմպրեսիոնիստների կտավներում. Վինսենթ վան Գոգ, Սեզան, Լոտրեկ» թեմայով:

Բանախոսն արվեստաբան, արվեստագիտության թեկնածու Եվգենիա Քալանթարյանն էր:

Արվեստաբանը մի շարք մանրամասներ ներկայացրեց պոստիմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչներ Պոլ Գոգենի, Պոլ Սեզանի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի եւ Վինսենթ վան Գոգի կյանքի, գործունեության եւ ստեղծագործությունների մասին:

Պոլ Գոգենը ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ է, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են «Դեղին Քրիստոսը», «Մեռածների ոգին չի ննջում», «Երբ դու կամուսնանաս» եւ այլն: 

Ստեղծագործական որոնումներով եւ «իդեալական հասարակության» երազանքներով համակված՝ նա 1891 թվականին մեկնել է Տահիտի կղզի (Օվկիանիա), ստեղծել գույնի էմոցիոնալ հագեցվածությամբ, հարթ, ստատիկ կոմպոզիցիաներով, դեկորատիվության եւ մոնումենտալության օրգանական միաձուլմամբ առանձնացող ստեղծագործություններ, որոնցում շեշտված է բնության եւ մարդու ամբողջականության գաղափարը: 



Պոլ Սեզան. ֆրանսիացի այս նկարչին հետաքրքրել են ոչ թե գույների փոփոխականությունն օդում, շրջապատող միջավայրի դինամիկան եւ լուսաստվերի պատահական էֆեկտները, այլ գունահարաբերումների կայուն օրինաչափությունները, բնության նյութական հագեցվածությունն ու շոշափելիությունը: Ուսումնասիրելով կյանքն ու բնությունը, տեւականորեն մշակելով միեւնույն մոտիվը՝ Սեզանը ձգտել է ստեղծել դասական արվեստ, բացահայտել ժամանակի ու տարածության մեջ անփոփոխ բնության վեհությունը, կատարելությունը, ձեւերի օրգանական միասնությունը։ Ամենահայտնի ստեղծագործություններից են «Մառնայի ափերը», «Լողացող կանայք», «Երիտասարդ իտալուհին», «Ծալազարդարանքով նատյուրմորտ» եւ այլն:

Անրի դը Տուլուզ-Լոտրեկ. կրել է իմպրեսիոնիզմի եւ ճապոնական գրաֆիկայի ազդեցությունը։ Առաջին գործերում կերպարները խիստ անհատականացված են եղել: 1890-ական թվականներին մերձեցել է մոդեռն ոճին, որը վառ կերպով է դրսեւորվել նրա գրաֆիկայում: Նա առաջինն էր, ով գունավոր տպագրության մշակույթը մտցրեց Ֆրանսիա:

Նա ունեցել է առողջական խնդիրներ, ինչի համար հայրը նրան մշտապես կշտամբել է: Նկարչի ինքնասպանությունից հետո միայն հայրը դրական է արտահայտվել որդու մասին՝ ասելով. «Ես ոչ միայն կորցրեցի իմ որդուն, այլ Ֆրանսիան կորցրեց լավագույն նկարչի»: Հայտնի ստեղծագործություններից են «Մուլեն-Ռուժ», «Միայնակը» եւ այլն:

Վինսենթ վան Գոգ. նրա ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում եւ ամենաթանկ վաճառվող նկարներն են: Նկարիչը գույների հակադրությամբ արտահայտել է իր հուզավիճակն ու վերաբերմունքն աշխարհի նկատմամբ։ Վան Գոգի արվեստը ժամանակին չի գնահատվել. նրա գործերը համաշխարհային ճանաչման են արժանացել շուրջ 100 տարի անց։ Կենդանության օրոք վաճառվել է 1 նկար՝ «Արտույտը»: Նկարչի ստեղծագործությունն արտացոլել է եվրոպական մշակույթի պատմության բարդ, բեկումնային շրջանը։ Մտերիմ է եղել Պոլ Գոգենի հետ, քանի որ հայացքները համընկնում էին: Հայտնի նկարներից են «Գիշերային սրճարան Առլում», «Վան Գոգի ննջարանն Առլում», «Արեւածաղիկներ», «Եկեղեցի Օվերում», «Կոշիկները», «Փոստատար Ռուլեն», «Ինքնանկար ծխամորճով», «Հավերժության դարպասների մոտ»: