Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու եւ Լեւոն Հարությունյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 12-04-2017
Լեւոն Հարությունյան. «Որոշեցի էներգիաս մղել դեպի բնապահպանական խնդիրների լուծմանը»
Օրեր առաջ Eritasard.am կայքն անդրադարձել էր «Awesome»- մրցույթին, որի ընթացքում երիտասարդները ներկայացրին իրենց ինքնատիպ գաղափարները:

Երիտասարդների թվում էր  նաեւ երիտասարդ էկոլոգ Լեւոն Հարությունյանը, ում «Put the pedal to the metal» ծրագիրը հաղթեց մրցությում: Այսօր մեր զրուցակիցն է բնության սիրահար եւ բնապահպանական  բազմաթիվ կրեատիվ գաղափարների հեղինակ Լեւոնը:

Բնության բազմաթիվ «ինչուները» եւ Լեւոնի մասնագիտական ընտրությունը

Հայրս կենսաբանություն էր դասավանդում դպրոցում, եւ հավանաբար գիտեք` ինչպես է դա լինում. այդ առարկային առանձնահատուկ ուշադրություն էր պետք դարձնել: Բացի դրանից՝ ինձ հետաքրքրում էր շրջակա բնությունը, եւ դա բազմաթիվ «ինչուների» կուտակման պատճառ էր դառնում, իսկ պատասխանները ստանում էի կենսաբանության շնորհիվ: 

Սկզբում սխալվեցի, իսկ հետո որոշեցի էներգիաս մղել դեպի  բնապահպանական խնդիրների լուծմանը

Մեծացա, ավարտեցի դպրոցս... Ընտրեցի բնության հետ կապ չունեցող մասնագիտություն եւ զգալի ժամանակահատված փորձում էի ինտեգրվել դրան, սակայն չստացվեց: Եվ վերջապես որոշեցի վերադառնալ նրան, ինչն ինձ հարազատ էր եւ հուզում էր: Ընդունվեցի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, ավարտեցի կենդանաբան մասնագիտությամբ: Մինչ այդ արդեն սկսել էի աշխատել բնապահպանության ոլորտում, որի ընթացքում ծանոթացա բազմաթիվ բնապահպանական խնդիրների՝ թե՛ միջազգային, թե՛ տեղական: Այդպես որոշեցի էներգիաս մղել դեպի վերոնշյալ խնդիրների լուծմանը կամ գոնե ինչ-որ չափով դրանց մեղմացմանը եւ այժմ Հայկական մանկավարժական համալսարանում մասնագիտանում եմ էկոլոգիա գիտության մեջ:  



«Awesome»-ը եւ Լեւոնի «Put the pedal to the metal» ծրագիրը

«Awesome» երեւանյան մասնաճյուղին դիմել էի «Put the pedal to the metal» վերնագիր/կարգախոսը կրող ծրագրով, եւ ի ուրախություն մեզ՝ հաղթեցինք։ Վեդին՝ որտեղ բնակվում եմ,  ինչպես շատ այլ բնակավայրեր, բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունի, ինչը պասիվ եւ ոչ առողջ ապրելակերպի վարման պատճառ է հանդիսանում։ Այդ նեգատիվ պատկերն ինչ-որ չափով մեղմելու, ինչպես նաեւ դրական եւ ակտիվ կենսակերպ խթանելու նպատակով որոշեցինք Վեդու զբոսայգում տեղադրել հոսանք արտադրող հեծանիվներ, որոնք կծառայեն որպես մարզասարքեր։ 
Հեծանիվներն ամրացվելու են գետնին. պտտվելու է միայն հետեւի անիվը։ Այդ պտույտը փոխանցվելու է անիվին ամրացված գեներատորին, այնուհետեւ ստեղծված էլեկտրական հոսանքը կուտակվելու է մարտկոցի մեջ, իսկ գիշերն այդ հոսանքը լեդ լամպերի միջոցով կլուսավորի զբոսայգու մի հատվածը։ Արդյունքում մարզման ժամանակ ծախսված էներգիան զուր չի կորչում, այլ վերափոխվում է էլեկտրական էներգիայի։ Այս ինովացիոն մոտեցմամբ ցանկանում ենք նաեւ ցույց տալ, թե ինչպես առաջին հայացքից հասարակ թվացող իրերը կարող են ծառայել որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր։ Գաղափարի իրագործման աշխատանքները նախատեսում ենք սկսել ապրիլ ամսվա սկզբից, իսկ մայիսին արդեն ամեն ինչ պատրաստ կլինի գործարկման համար։

Էկոլոգիական խնդիրները` Լեւոնի դիտանկյունից

Էկոլոգիական խնդիրները բազմաթիվ են, եւ իմ կարծիքով՝ բոլորն էլ կարելի է կարեւոր համարել։ Շրջակա միջավայրի աղտոտվածությունը, անխնա հանքարդյունաբերությունը, կենսաբազմազանության նվազումը եւ նման այլ խնդիրներ դեռ երկար կարելի է թվել։ Իսկ այդ ամենն ուղղակի կամ անուղղակի, այժմ կամ հետո ազդում եւ ազդելու է մարդկանց առողջության և կյանքի որակի վրա։

Գաղափարները շատ են…

Այո՛, գաղափարներ շատ կան, եւ դրանք իրականացնելու մեծ ցանկություն՝ եւս։ Այժմ «Կենաց ծառ» բնապահպանական ՀԿ-ի թիմով ցանկանում ենք Վեդին վերափոխել ավելի կանաչ եւ դրական քաղաքի, տարածել բնության պահպանության գաղափարը, համայնքի զարգացման համար ներառել ակտիվ երիտասարդներին։ 

Ի դեպ, ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել «Կենաց ծառ»-ի թիմի անդամներին հեծանիվ-գեներատորների գաղափարի իրագործմանն աջակցելու համար։

Լեւոնին բնորոշող երեք բառերն են…

Պոզիտիվ, համառ, նպատակասլաց: