Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 12-04-2017
Կյանքը՝ սպորտի ռիթմով կամ սպորտը որպես կենսակերպ
«Մենք դադարում ենք մարզվել ոչ թե այն պատճառով, որ ծերանում ենք, այլ ծերանում ենք, երբ դադարում ենք մարզվել»: Քենեթ Քուփեր

Խորհրդային Միության տարիներին հանրության շրջանում մեծ ժողովրդականություն էր վայելում ռուս նշանավոր երգիչ, պոետ, երգահան Վլադիմիր Վիսոցկու «Утренняя гимнастика» երգը: Այդ ստեղծագործությունը ԽՍՀՄ-ում բնակվող մարդկանցից շատերի «մշտական ուղեկիցն» էր. առավոտյան սկսում էին մարզվել հենց այդ երգի հնչյունների ներքո: Մեր օրերում հազարավոր հիթեր են ստեղծվում, ու աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդն այսօր իր առավոտյան մարզումներն է սկսում ժամանակաշրջանին բնորոշ տարբեր երգերով:  

…Առավոտյան ժամը 11:00-ն դեռ չբոլորած` մարզական հագուստներով, պայուսակներով ու հեծանիվներով բազմություն է հավաքվել: Եկել են՝ ժամանակակից երաժշտական ռիթմերի ներքո մասնակցելու բացօթյա մարզումներին: Մեկի համար մարզումներին մասնակցելը վերջին ամիսների առօրյայի անբաժանելի մասն է դարձել, մյուսը եկել է «նիհարելու»: Դրդապատճառները տարբեր են, նպատակները` նույնպես: Սակայն մի բան հաստատ է` վերջին շրջանում Հայաստանում պարբերաբար կազմակերպվում են բացօթյա մասսայական մարզումներ, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում: 

Ընդ որում` մարզումները կազմակերպում են ոչ միայն պետական գերատեսչությունները, այլեւ տարբեր կազմակերպություններից մինչեւ անհատներ: 



2016 թվականի հոկտեմբերից ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է «Կյանքը՝ սպորտի ռիթմով» անվճար առավոտյան մասսայական մարզումներ: Ծրագիրն անվճար է եւ նախատեսված է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց մարզումային փորձից եւ մարզական վիճակից: Փորձառու մարզիչներն ընտրել են այնպիսի վարժություններ, որոնք հասանելի են բոլոր մասնակիցներին: Մարզումներն անցկացվում են warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx մարզատեսակներից: Մասնակիցները նաեւ հեծանիվներով մարզվելու հնարավորություն են ունենում:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը Eritasard.am-ի հետ զրույցում փաստում է` նախարարության որդեգրած քաղաքականության ուղղություններից է նաեւ մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի քարոզչությունը: 

«Մենք որոշեցինք նմանատիպ նախագիծ իրականացնել, որպեսզի այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով մարզվելու հնարավորություն չունեն, գոնե շաբաթը մեկ անգամ կարողանան մասնակցել անվճար մարզումների: Չէինք ակնկալում, բայց շատ մեծ հետաքրքրություն առաջացավ: Մեր ծրագիրը շատ բարձր գնահատականի արժանացավ թե՛ մամուլի, թե՛ մարդկանց կողմից: Մեկ մարզմանը, օրինակ, մասնակցել է 150-200 հոգի: Եթե մի հոգի էլ գա, մարզում լինելու է»,- հավաստիացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդականը: 

Վլադիմիր Հովհաննիսյանը փաստում է` վերջին տարիներին սպորտով զբաղվողների թիվն աճել է, մարդիկ սկսել են հետեւել իրենց առողջությանը, մարզասրահները եւս լեցուն են: «Սպորտի նկատմամբ հետաքրքրությունը միանշանակ աճել է վերջին տարիներին, ինչը շատ ուրախացնող է»,- հավելում է նա: 



Նախարարությունից բացի՝ բացօթյա անվճար մարզումներ են կազմակերպում նաեւ մեկ գաղափարի շուրջ հավաքված անհատներ, կազմակերպություններ: «TriClub Yerevan»-ը պարբերաբար կազմակերպում է մարզական տարաբնույթ միջոցառումներ սպորտով հետաքրքրվողների համար: 

Դավիթ Հայրապետյանը Eritasard.am-ի հետ զրույցում նշում է, որ 4 տարի առաջ ընկերներով հիմնել են Եռամարտի հայկական ակումբը եւ պարբերաբար կազմակերպում են պարապմունքներ: Մարզումների մասին տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է իրենց ֆեյսբուքյան էջում: 

«Մասնակցում են տարբեր տարիքային խմբեր` 15 տարեկանից մինչեւ 45-50 տարեկան մարդիկ, շատ տարբեր են: Իհարկե, հիմնականում երիտասարդներ են: Կան մարդիկ, ովքեր պարբերաբար են մասնակցում մարզումների.նրանց համար դա դարձել է կենսակերպ: Կան մարդիկ, ովքեր պարզապես իրենց մարզավիճակը լավացնելու, նիհարելու համար են գալիս, բայց վստահաբար շատ են մարդիկ, ովքեր ապրում են սպորտով»,- նշում է Դավիթ Հայրապետյանը: 

Նա եւս փաստում է, որ սպորտի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին միանշանակ աճել է: Նա նշում է, որ վերջերս կազմակերպված մարզական տարբեր միջոցառումներն ավելի շատ մասնակիցներ են ունենում:



10 տարվա փորձ ունեցող մարզիչ Մարինե Կարապետյանը պարապմունքներ է անցկացնում «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումների շրջանակում: Փաստում է, որ մարդկանց հոսքը գնալով ավելի ու ավելի է շատանում: 

«Սպորտը շատերի համար դարձել է կենսակերպ, այն օգնում է նաեւ նվազեցնել քաշը, բարելավել առողջական վիճակը: Մարզասրահներ հոսքը նույնպես բավականին շատացել է, եթե համեմատենք, օրինակ, 5 տարի առաջվա հետ: Մարդիկ մեծ հաճույքով են մասնակցում բացօթյա մարզումներին: Ուրախալի է, որ նաեւ տարիքով մեծերն են ներգրավվում»,- ասում է Մարինեն:

4 տարվա փորձ ունեցող մարզիչ Վլադ Խառատյանն էլ փաստեց, որ շատերն են վերջին շրջանում մասնակցում մասսայական մարզումներին, ու առհասարակ սպորտի նկատմամբ հետաքրքրությունն աճել է: 

«Եթե մոտ 7 տարի առաջ փողոցում աղջիկ վազեր, բոլորը հետաքրքրված կնայեին, թե ինչ է անում նա: Այսօր նման երեւույթը նորություն չէ ոչ ոքի համար: Մարդիկ զբաղվում են սպորտով, մարզասրահները հագեցված են, գրեթե ամեն ամիս նոր մարզասրահ է բացվում, պահանջարկ կա, հատկապես` կանանց շրջանում: Մարդիկ հետեւում են իրենց կազմվածքին եւ ավելի առողջ են»,- ընդգծում է Վլադ Խառատյանը: 



Նա վստահ է` 5 տարի հետո մարդիկ կհասկանան, որ սպորտն առողջ ապրելակերպի հիմքն է: Դրան կնպաստի նաեւ առողջ ապրելակերպի ճիշտ քարոզչությունը: 

Մարզիչները փաստում են` մեծ հաճույքով են մասնակցում բացօթյա մարզումներին ու մեծ ոգեւորությամբ են իրենց փորձով կիսվում մասնակիցների հետ: Սակայն պակաս ոգեւորված չեն նաեւ մարզումներին հաճախող մարդիկ: Շատերի համար շաբաթական մեկ կամ երկու անգամ կազմակերպվող այդ մարզումները դարձել են իսկական տոն:

Նվարդ Բադալյանն արդեն մի քանի անգամ մասնակցել է «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումներին: Նա փաստում է` տիրում է հիանալի մթնոլորտ, մարզիչները բանիմաց են, ինչն էլ խթան է հանդիսանում, որ պարբերաբար մասնակցի մարզումներին: 

«Մինչ այդ սպորտով չեմ զբաղվել, բայց շատ եմ սիրում: Դժվար է, քանի որ մարզական վիճակում չեմ, բայց հաղթահարելի է: Շատ սիրով ենք գալիս աղջկաս հետ: Փորձում եմ վարակել նաեւ տղայիս, բայց ժամանակը չի ներում»,- մեզ հետ զրույցում նշում է Նվարդը: 



Մարզումների ամենահայտնի մասնակիցը Սուսաննա Սարգսյանն է. հունվարից բաց չի թողել ոչ մի պարապմունք: 

«Անհամբեր սպասում եմ մարզումների օրվան: Շատ լավ նախաձեռնություն է, կուզենայինք, որ էլի նմանատիպ անվճար միջոցառումներ կազմակերպվեին»,- ասում է նա` հավելելով, որ մարզումների համար գումար չի կարող վճարել, եւ բացօթյա անվճար մարզումներն իր համար շատ հարմար տարբերակ են: 

…Երաժշտական աշխարհում թրենդները պարբերաբար փոփոխվում են: Այսօր նորաձեւ է այս երգը, իսկ հաջորդ օրն այն նույնիսկ չեն էլ լսում: Այս տեսանկյունից սպորտը մնայուն «թրենդ» է` գրեթե ամեն օր ուղեկցում է մեզնից շատերին ու երբեք չի «հնանում»: Ընդհակառակը` վերջին ժամանակներում առավել արդիական է դարձել` շատերի համար վերածվելով կենսակերպի: