Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 13-04-2017
Սեւ եւ սպիտակ լուսանկարների պատմությունը
Նրա սեւ ու սպիտակ լուսանկարներից յուրաքանչյուրը մի առանձին պատմություն է ներկայացնում: Պատմություն, որը, անկասկած, բավականին հետաքրքիր է, ու այն պետք է բացահայտել:

Տարբեր մարդիկ, տարբեր ճակատագրեր. սեւ եւ սպիտակ լուսանկարներից իրենց ասելիքն են ներկայացնում փոքրից մինչեւ մեծ:

Ապրիլի 12-ին Երեւանի «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում բացվեց լուսանկարիչ Յուրի Մեչիտովի աշխատանքների «Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդեսը: Հեղինակն այդ լուսանկարներում ցույց է տալիս այն իրականությունը, որը նրան հուզում է, այն մարդկանց, որոնց նա հանդիպել է իր կյանքում: 

«Այս նկարներն արվել են 40 տարվա ընթացքում, իհարկե, այն ամենը չէ, ինչ արել եմ, ընտրել եմ իմ աշխատանքներից: Հայաստանը, ի դեպ, առաջին երկիրն է, որտեղ ներկայացված է այս ցուցահանդեսը: Նկարներն այնուհետեւ ցուցադրվելու են Ղազախստանում»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց Յուրի Մեչիտովը: 

Ցուցահանդեսին ներկայացված էր 150 աշխատանք: Այդ եւ բազմաթիվ այլ գործեր տեղ են գտնելու Մեչիտովի աշխատանքներն ամփոփող գրքում: Լուսանկարչի տեղեկացմամբ` գիրքը բաղկացած է 226 էջից, հետեւաբար ներառելու է 226 լուսանկար: Այն հրատարակվում է Մոսկվայում, Մեչիտովի ընկերն է որոշել տպագրել ու լույս ընծայել այն: 

Լուսանկարչի խոսքով` նկարներից յուրաքանչյուրը յուրատեսակ պատմություն է ամփոփում, ու այդ պատմությունները բոլորովին էլ ուրախ չեն: 

«Վրաստանում էի, մի պապիկի տվեցի, որ նայի նկարները, նայեց, նայեց, կեսին հասավ ու ասաց. «Էլ չեմ կարող նայել: Լացս գալիս է»»,- մեզ հետ զրույցում նշեց նա: 

Ի դեպ, Յուրի Մեչիտովին բախտ է վիճակվել դառնալու նաեւ պատմության մի մասնիկը. նա եղել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչն ու բարեկամություն է արել ճանաչված արվեստագետի հետ: Խոսելով Փարաջանովի հետ ընկերության մասին` լուսանկարիչը նշեց. «Փարաջանովը մեծագույն անձնավորություն էր: Նա շատ բարի էր, բայց անտանելի էր: Ինչպես նրա մասին կինն էր ասում. «Նա հիասքանչ էր, բայց անտանելի»: Փարաջանովը տանել չէր կարողանում այն մարդկանց, ովքեր չէին հասկանում կամ չէին սիրում գեղեցկությունը: Ասում էր, որ ավելի վատ թշնամի չկա, քան այն մարդը, ով տեսնում է գեղեցիկը, բայց չի կարող ասել, որ դա գեղեցիկ է»: 

Ցուցահանդեսն անցկացնում է «Կովկասյան համագործակցություն» կազմակերպությունը: Այն կտեւի մինչեւ ապրիլի 17-ը:

Պատկերասրահ՝ Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդեսը