Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-04-2017
Համաշխարհային գերաստղերը` ի աջակցություն «Խոստում» ֆիլմի
Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» («The Promise») ֆիլմն աջակիցների մեծ բանակ ունի` ի դեմս բազմաթիվ համաշխարհային գերաստղերի:

Ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված ֆիլմի մասին վերջին օրերին բազմաթիվ աստղեր իրենց կարծիքն են արտահայտում տարբեր եղանակներով` տեսանյութեր, ֆեյսբուքյան ու թվիթերյան գրառումներ, լուսանկարներ, ինչպես նաեւ օգտագործելով KeepThePromise հաշթեգը եւ մասնակցելով ֆիլմի`տարբեր երկրներում կազմակերպվող պրեմիերաներին: Eritasard.am-ը ներկայացնում է հանրահայտ աստղերից մի քանիսի գրառումները` հիշեցնելով, որ ֆիլմը հայաստանյան կինովարձույթում կհայտնվի ապրիլի 27-ին:

Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյան

«Հպարտ եմ այս ֆիլմով: Խնդրում եմ յուրաքանչյուրին դիտել «Խոստումը» ֆիլմը եւ վերջապես իմանալ հայ ժողովրդի պատմությունը»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Քարդաշյանը:  

Հանրահայտ հայազգի երգչուհի Շեր

«Այս ֆիլմը կոտրեց իմ սիրտը ոչ միայն հայերի, այլեւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապել են եւ կորցրել իրենց սիրելիներին»,- թվիթերյան իր էջում գրել է Շերը: 

«Հիտլերն ասել է՝ եթե նրանք չեն հիշել հայերին, չեն հիշի նաեւ հրեաներին: Մենք չենք կարող թույլ տալ, որ սա պատահի այլ մարդկանց հետ: Ես երդվում եմ՝ պահել խոստումը»,- իր ֆեյսբուքյան էջում ներբեռնած տեսահոլովակում ասում է Շերը:



Ամերիկացի կինոդերասան Լեոնարդո Դի Կապրիո

«Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ Լե Բոնը Թերի Ջորջի ղեկավարությամբ անկրկնելի ներկայացում են բեմադրել «Խոստումը» ֆիլմում: Ողջունում եմ ամբողջ թիմին՝ լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյի գլխավորությամբ, ում տաղանդն ու նվիրվածությունը կյանքի կոչեցին այս կարեւոր նախագիծը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Դի Կապրիոն: 

Հանրահայտ երգչուհի եւ դերասանուհի Բարբարա Սթրեյզանդ

«Մենք բոլորս գաղթականների զավակներ ենք: Ես Բարբարա Սթրեյզանդն եմ, երդվում եմ` պահել խոստումը եւ երբեք չմոռանալ»: 



Հանրահայտ բրիտանացի ռոք երգիչ, կոմպոզիտոր, երգահան Էլթոն Ջոն 

«Ուրախ եմ հայտարարել «Խոստումը» ֆիլմի ցուցադրման մեկնարկի մասին։ Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունն Առաջին աշխարհամարտի մեկնակին: Այն, ինչ պատահել էր Հայաստանում, սարսափելի էր, սխալ: Եկե՛ք պահենք խոստումը եւ չմոռանանք պաշտպանել մարդու իրավունքներն այնտեղ, որտեղ մենք կանք, եւ այնպես, ինչպես կարող ենք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Էլթոն Ջոնը:



Հանրահայտ դերասան Ռայան Գոսլինգ 

«Պատերազմը Կոնգոյում ամենամահաբերն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ես խոստանում եմ պահել խոստումը` օգնելու աջակցել Կոնգոյում մարդու իրավունքներին»,- @EnoughProject  թվիթերյան էջում հրապարակված տեսանյութում ասել է Գոսլինգը:

Հանրահայտ դերասան Սիլվեստր Սթալոնե

«Արտակարգ ֆիլմ է էկրան բարձրանալու ապրիլի 21-ին: Սա մի թեմա է, որով հիացած եմ տասնամյակներ ի վեր, եւ շատ տարիներ էին պետք այն էկրաններ բարձրացնելու համար: Սա ճշմարիտ եւ անհավատալի կարեւոր պատմական դրամա է, որն ունի բոլոր յուրօրինակ բաղադրիչները, որոնք կարող են ֆիլմը բարձրացնել «Օսկարի» մակարդակի: Քրիստիան Բեյլը եւ Օսկար Այզեքն իրենց դերերը կատարյալ են խաղում: Առանձնակի պետք է նշել նաեւ լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյի դերը, ով կարողացավ այս նախագիծը կյանքի կոչել»,-իր ինստագրամյան էջում գրել է նա: 

ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ`