Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-04-2017
Կայացավ «Հայկական տուն» նախագծերի կատալոգի շնորհանդեսը
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայկական տուն» նախագծերի կատալոգի շնորհանդեսը:

Կատալոգը հրատարակվել է «Մոնարխ» ընկերության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ (ընկերության նախագահ՝ ՌԴ վաստակավոր շինարար Սերգեյ Համբարձումյան): Կատալոգի կազմման աշխատանքներին մասնակցել են Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները (ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյան) եւ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Գալստյանը:

Նախագծի նպատակն է Հայաստանի բնակավայրերի բազմակողմանի ուսումնասիրությունը, մասնավորապես առանձնահատուկ ճարտարապետական լուծումներով պահպանված տների կամ թաղամասերի նախատիպերի հիման վրա ինքնատիպ բաղկացուցիչ տարրերի վեր հանելը, տիպային նախագծերի մշակումը եւ պիլոտային ծրագրերի կենսագործումը:

Նշենք, որ իրականացվել են հետազոտական բազմակողմանի աշխատանքներ, որոնց մասնակցել են դասախոսներ Ա.Ա. Գուրգենյանը, Ա.Մ. Մանուկյանը, Կ.Ա. Աբգարյանը, Պ.Վ. Մովսիսյանը, ինչպես նաեւ մի խումբ ուսանողներ՝ Գոռ Առաքելյանը, Էլեն Աղամալյանը, Աննա Բարսեղյանը, Արթուր Գրիգորյանը, Շողեր Խաչատրյանը, Արա Հովսեփյանը, Լաուրա Հակոբյանը, Հասմիկ Մկրտչյանը եւ այլք:  

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի խոսքով՝ սա շատ կարեւոր քայլ է, որն իհարկե կկրի շարունակական բնույթ: Վերջինս մեջբերեց Սերգեյ Համբարձումյանի խոսքերը. «Ամեն անգամ, երբ աշխարհի տարբեր երկրներում առիթ եմ ունեցել տեսնելու այս կամ այն երկրի առանձնահատկություններին բնորոշ տներ՝ ֆրանսիական տուն, ամերիկյան տուն եւ այլն, մտածել եմ՝ ինչո՞ւ մենք չունենանք մեր՝ հայկական տունը՝ իր բացառիկությամբ, ինքնատիպ, հայ մարդուն եւ Հայաստանին բնորոշ գունագեղությամբ (կոլորիտով)»:

Ուսանողների խոսքերով՝ այդպիսի նախագծում աշխատելն իրենց համար մեծ պատիվ էր ու փորձ, այն էլ՝ պրոֆեսիոնալ մասնագետների հետ: Ուսանողների կարծիքով՝ պետք է շարունակել Հայաստանի կառուցապատման աշխատանքները, ստեղծել նորը՝ սակայն հիմնվելով անցյալի վրա: 

Նշենք, որ կատալոգում զետեղված աշխատանքները շատերին կօգնեն շինություններ կառուցելու գործում: