Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 15-04-2017
Աշխարհահռչակ պարֆյումեր Ժաննա Գլադկովա. «Օծանելիքը կնոջը թեւեր է տալիս»
Ֆրանսիական «ՖԻՖԻ» մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ, աշխարհահռչակ եւ հեղինակավոր պարֆյումեր Ժաննա Գլադկովան այսօր՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, խոսեց օծանելիքի ճիշտ ընտրության, ճիշտ օգտագործման կանոնների, գաղտնիքների մասին, ինչպես նաեւ անդրադարձավ բույրի փիլիսոփայությանը:

Նրա խոսքով՝ գեղեցիկ դիմահարդարումը, հագուստի եւ աքսեսուարների ճիշտ ընտրությունն ամենեւին էլ չի ամբողջականացնի կնոջ անթերի տեսքը, եթե ճիշտ ընտրված չլինի օծանելիքը: 

«Յուրաքանչյուր աղջիկ եւ կին միշտ էլ ցանկանում են անթերի տեսք ունենալ, իսկ այդ տեսքը պետք է շրջապատը զգա նաեւ տարածության վրա, քանի որ այն «դեղամիջոց» է սիրո եւ գեղեցկության համար: «Դեղամիջոց», որը յուրաքանչյուր կնոջ կարող է դարձնել անհաղթահարելի: Օծանելիքը շատ բան կարող է ասել կնոջ մասին, ուստի պետք է հաշվի առնել, որ մարդու մասին կարծիք կարող են կազմել նաեւ օծանելիքի բույրով»,- նշեց մասնագետը:



Նրա հավաստմամբ՝ յուրաքանչյուր կին պետք է ունենա մի քանի եւ ավելի օծանելիք՝ օրվան, պահին ու տրամադրությանը համապատասխան, այդպիսով նա իրեն վստահ կզգա:

Օծանելիքի տեսականին երբեք էլ շատ չի լինում, այլ հակառակը՝ այն երբեք չի հերիքում: Սակայն դրա հետ մեկտեղ՝ չպետք է մոռանալ օծանելիքի՝ մարմնի ճիշտ հատվածներում օգտագործելու եւ իհարկե չափաբաժնի մասին: 



«Օծանելիքը ոչ միայն արտահայտում է կնոջ ներաշխարհը, այլեւ «ընկեր» է, որը գեղեցկացնում եւ հաճույք է պատճառում: Հիշե՛ք, որ կնոջ ամենամեծ ուժը նրբությունն է, ուստի այդ նրբությունը կարելի է ընդգծել հենց օծանելիքի միջոցով՝ չմոռանալով ձեր անհատականությունը: Օծանելիքն ընտրե՛ք մտքով ու սրտով»,- նշեց Ժաննա Գլադկովան եւ հավելեց, որ չկան վատ եւ լավ բույրեր, այլ կան պարզապես մարդիկ, ովքեր դեռ չեն գտել իրենց համապատասխան բույրը:

Նշենք, որ Ժաննա Գլադկովան ՌԴ-ում համար առաջին պարֆյումերն է, ով ստեղծել է հատուկ բույրեր հայտնի աստղերի, ինչպես նաեւ քաղաքական գործիչների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի համար: