Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-04-2017
Ապրիլի 15-ը՝ Մշակույթի միջազգային օր
Մշակույթը մեր կյանքի անբաժան մի հատվածն է, եւ անկախ այն ամենից՝ սիրում ենք մենք մշակույթը, թե՝ ոչ, միեւնույնն է, գրեթե ամեն օր առնչվում ենք նրա հետ։

Լատիներենից թարգմանաբար մշակույթ նշանակում է հասարակության եւ մարդու զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության եւ կյանքի կազմակերպման ձեւերով եւ տիպերով։ «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաեւ կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ 

Ռերիխի պակտի ստորագրման օրը որպես Մշակույթի միջազգային օր նշելու նախաձեռնությամբ 1998-ին հանդես եկավ Մշակույթի պաշտպանության միջազգային լիգան, որի նպատակն էր պահպանել եւ ստեղծել մշակութային արժեքներ։

Ապրիլի 15-ին շատ երկրներում նշվում է Մշակույթի համաշխարհային օրը (World Day of Culture): Այն որպես տոն սահմանվել է 1935 թ. ապրիլի 15-ին «Գեղարվեստական եւ գիտական հաստատությունների ու պատմական հուշարձանների պաշտպանության մասին» միջազգային պայմանագրի ընդունման պատվին, որը հայտնի է որպես Ռերիխի պակտ:

Ավելի ուշ այդ տոնը հաստատելու այլ առաջարկներ եւս եղան, սակայն 2008-ին մի շարք երկրների ՀԿ-ների նախաձեռնությամբ ստեղծվեց ապրիլի 15-ը Մշակույթի միջազգային օր սահմանելու միջազգային շարժում, եւ այն դարձավ ավելի մասսայական: Այսօր տոնը նշում են ամբողջ աշխարհում։

Ավելի ուշ Մշակույթի համաշխարհային օրվան 3 օր ուշացումով միացավ հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը։

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի առաջարկությամբ էլ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Այդ օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որեւէ յուրահատուկ թեմա:

Թե՛ ապրիլի 15-ին, թե՛ 18-ին Հայաստանը եւս անմասն չի մնում եւ իրականացնում է մշակութային բազմաբնույթ միջոցառումներ, քննարկումներ, որոնք վերաբերում են  ոլորտում առկա խնդիրներին։