Նյութը՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ից
Տեղադրվել է 17-04-2017
Հայաստանը հյուրընկալեց 12 երկրների երիտասարդների
Ապրիլի 10-17-ը «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը Հայաստանում հյուրընկալեց երիտասարդական ոլորտի 45 մասնագետների 12 երկրներից՝ Կիպրոսից, Խորվաթիայից, Չեխիայից, Էստոնիայից, Վրաստանից, Գերմանիայից, Լատվիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Թուրքիայից։ Նրանք ժամանեցին Երեւան՝ մասնակցելու «Հաղորդակցությունն ընդդեմ հակամարտության» ութօրյա միջազգային դասընթացին։

Հայաստանում միջազգային ծրագրի անցկացումը պայմանավորված է տարածաշրջանում առկա հակամարտություններով, որոնք բացասաբար են ազդում ինչպես Հայաստանի, այնպես էլ հարեւան երկրների զարգացման վրա։ Միջազգային դասընթացի կենտրոնում էին հակամարտությունների կանխարգելման, կարգավորման, խաղաղության հաստատման եւ կոնֆլիկտների կառավարման թեմաները, որոնք արդիական են ծրագրին մասնակցող երկրներում։  Ծրագրի արդյունքում մասնակիցները սովորեցին մշակութային, ազգային եւ կրոնական բազմազանությունը դիտարկել ոչ թե որպես խոչընդոտ, այլ հնարավորություն։ 

Խաղաղություն կառուցելու ձգտումը տասնամյակներ շարունակ եղել է դասընթացին մասնակցող երկրների հասարակական, քաղաքական ու դիվանագիտական շրջանակների օրակարգում։ Այնուամենայնիվ, հակամարտություններից շատերը շարունակում են մնալ չլուծված՝ ներգործելով հակամարտող երկրներում ապրող երիտասարդների վրա։ Առավել հաճախ հենց երիտասարդներն են դառնում հակամարտությունների հիմնական զոհը։

Ծրագրի շրջանակում կազմակերպվեց «Կենդանի գրադարան» հանրային միջոցառումը: Միջոցառման մասնակիցները շատ էին լսել մահմեդականների, բուդդիստների, տարբեր ազգությունների ու մարդկանց խմբերի մասին, բայց երբեւէ հնարավորություն չէին ունեցել իրականում հանդիպելու եւ խոսելու այդ մարդկանց հետ, հարցնելու, թե ինչպես են նրանք ապրում, որոնք են նրանց ձգտումներն ու մտահոգությունները: «Կենդանի գրադարան»-ը դա անելու հիանալի հնարավորություն էր: Այն աշխատում էր նույն կերպ, ինչպես սովորական գրադարանը։ «Ընթերցողները» գալիս էին գրադարան, ընտրում «գիրքը» եւ կարդում այն։ Միակ տարբերությունն այն էր, որ «գրքերը» մարդիկ էին, իսկ ընթերցանությունը՝ զրույց նրանց հետ։ 

Միջազգային ծրագրի ընթացքում երիտասարդական ոլորտի 45 ներկայացուցիչները մասնակցեցին մի շարք ինտերակտիվ դասընթացների, վարժությունների եւ ոչ ֆորմալ կրթական միջոցառումների՝ բացահայտելով հակամարտությունների ծագման պատճառները, դրանց լուծման հնարավոր եղանակները եւ այն, թե ինչ դեր կարող են խաղալ երիտասարդները հակամարտությունների կարգավորման գործում։ Միջազգային կոնֆլիկտներից բացի՝ քննարկվեցին նաեւ միջանձնային կոնֆլիկտները եւ դրանց հաղթահարման արդյունավետ ռազմավարությունները։

Միջազգային այս բացառիկ դասընթացը Երեւանում կազմակերպվում է հայաստանյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» եւ գերմանական «TeachSurfing» կազմակերպությունների կողմից։ Այն եզակի է իր լայն աշխարհագրական ընդգրկմամբ եւ թեմայի արդիականությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի շրջանակում։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը՝ APY-ը, հիմնվել է 2009 թվականին։ Կազմակերպության նպատակն է աջակցել եւ ոգեշնչել հայ երիտասարդներին՝ զարգացնելու իրենց սոցիալական առաջնորդության հմտությունները եւ դառնալու Հայաստանում դրական փոփոխությունների շարժիչ ուժ։ Իր ծրագրերի, նախաձեռնությունների եւ ոչ ֆորմալ կրթության գործիքների միջոցով կազմակերպությունը օգնում է երիտասարդներին հասնել  հաջողության՝ զարգացնելով իրենց գիտելիքները, հմտությունները եւ ունակությունները։