Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-04-2017
Կրթական համակարգով առանձնացող երկրները
Կրթությունը կարեւոր բաղկացուցիչ է ցանկացած երկրի զարգացման համար:

Կրթական պոտենցիալն օգտագործելով՝ մարդկությունը կարող է զարգացնել ամբողջ աշխարհը, իսկ այդ ամենի համար, իհարկե, կարեւոր հիմք է կրթական համակարգը: Տարբեր երկրներ որդեգրել են կրթական տարբեր համակարգեր, սակայն կարեւորն այդ պարագայում որակն է, որը հենց կարող է ապագայի համար երաշխիք հանդիսանալ: 
Ստորեւ ներկայացնում ենք կրթական համակարգի շնորհիվ առաջընթաց ապրած 10 երկիր:

Լեհաստան



Լեհաստանն այն երկիրն է, որի կրթական համակարգը չի փոխվել ստեղծումից ի վեր: Լեհաստանն  առանձնանում է հատկապես մաթեմատիկա առարկայի, ինչպես նաեւ քերականության խորը ուսուցմամբ: Լեհաստանի բարձրագույն դպրոցը վառ օրինակ է մշտապես հանդիսացել ոչ միայն լեհերի, այլեւ օտարերկրացիների համար: Առարկաների մեծ մասի դասավանդումն անգլերենով է:

Իռլանդիա



Իռլանդիայում գործող կրթական համակարգը համարվում է աշխարհում լավագույններից մեկը, իսկ ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ կրթությունն անվճար է, այդ թվում՝ բարձրագույն կրթությունը: Ահա թե ինչու Իռլանդիայի բնակչության 89%-ը պարտադիր դպրոցական կրթություն ունի, իսկ այդ ցուցանիշը բարձր հորիզոնականներ գրավելու հիմք է:  Կրթությանը զուգահեռ կատարվում են նաեւ ուսումնասիրություններ, իսկ որպես կրթական լեզու առավել շատ կիրառվում է հենց իռլանդերենը: 

Նիդերլանդներ



Նիդերլանդների բնակչությունը համարվում է ամենագրականասերն աշխարհում: Ի տարբերություն Իռլանդիայի՝ այստեղ որոշ կրթական հաստատություններ վճարովի են: Կրթական համակարգի առանձնահատկությունն այն է, որ մինչեւ 16 տարեկանը կրթություն ստանալը պարտադիր է, իսկ 16-ից հետո ցանկացած անձ կարող է որոշում կայացնել կրթությունը շարունակելու վերաբերյալ: Մյուս առանձնահատկությունն այն է, որ կրթական համակարգը 2 ուղղություն ունի՝ կրոնական եւ հասարակական: 

Կանադա



Կանադան այն երկրներից է, որտեղ սովորելու համար շատերն են տեղափոխվում: Կրթական համակարգի առանձնահատկությունն այն է, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում հենց կրթական համակարգին, մասնավորապես՝ որակին եւ իհարկե չափանիշներին: Այդ ամենը, բնականաբար, ապահովում է որակյալ կադրեր, ինչը թույլ է տալիս, որ Կանադան եւս դասվի որակյալ կրթություն տվող երկրների շարքում: Սակայն պետք է նշել, որ բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների թիվը քիչ է: 

Մեծ Բրիտանիա



Բրիտանական կրթական համակարգի մասին գիտի ամբողջ աշխարհը: Այն առանձնանում է ոչ միայն բարձրագույն, այլեւ դպրոցական կրթության բարձր որակով: Այստեղ գործող կրթօջախները երկար տարիների փորձ ունեն, իսկ կարեոր եւ գլխավոր քաղաքականությունը, անխոս, որակյալ կրթությունն է: Երբ խոսքը վերաբերում է Եվրոպայում կրթություն ստանալուն, ապա, անշուշտ, շատերի մտքին առաջին հերթին գալիս է հենց Մեծ Բրիտանիան: 

Ֆինլանդիա 



Ֆինլանդիան եւս այն երկրներից է, որտեղ կրթությունն անվճար է ե՛ւ դպրոցականների, ե՛ւ ուսանողների համար: Պետությունը բավականին մեծ գումարներ է բյուջեից հատկացնում կրթական համակարգին, ուստի բարձրագույն կրթություն ստացողների թիվն անհամեմատ շատ է:

Հոնկոնգ



Կրթական համակարգով առանձնացող է նաեւ Հոնկոնգը, քանի որ Հոնկոնգի բնակչության IQ-ն համարվում է ամենաբարձրն աշխարհում: Կրթության հանդեպ սերը կարծես յուրաքանչյուրի արյան մեջ լինի, եւ պատահական չէ, որ այն հաջողությունների է հասել տարբեր ոլորտներում հենց լավ կրթություն ստացած անձանց շնորհիվ: Պատահական չէ նաեւ այն փաստը, որ Հոնկոնգը համարվում է աշխարհի բիզնես կենտրոնը: Այստեղ պարտադիր է  9-ամյա կրթությունը: 

Սինգապուր



Սինգապուրի բնակչությունը եւս առանձնանում է IQ-ի բարձր ցուցանիշով: Սինգապուրը լավ կրթական համակարգ ունեցող երկրներից մեկն է, ինչը հենց զարգացման հիմք է հանդիսանում: Պետությունը մեծ տեղ է տալիս կրթական համակարգին: Կրթություն ստացած յուրաքանչյուր երիտասարդ կարողանում է ինքնադրսեւորվել եւ իհարկե որեւէ օգտակար բան կատարել երկրի համար: 

Հարավային Կորեա



Դեռեւս 10 տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հարավային Կորեան կարող է առանձնանալ իր կրթական համակարգով, սակայն այսօր այն առաջատարներից է, ավելին՝ կրթություն ստանալու ցանկություն ունեցողների ցանկում լիդերներից մեկը: Բնակչության համար կրթություն ստանալը շատ կարեւոր է, ինչը հիմք է հանդիսացել, որպեսզի այսօր Հարավային Կորեան առանձնանա տեխնոլոգիաների արտադրությամբ: 

Ճապոնիա



Ճապոնիա անունը լսելիս, իհարկե, առաջին հերթին յուրաքանչյուրիս մտքին գալիս է որեւէ տեխնիկայի անուն: Այո՛, իրապես ճապոնական տեխնիկան մեծ տեղ է այսօր զբաղեցնում աշխարհում, իսկ այդ ամենի հիմքը, անխոս, կրթական լավ համակարգն է, որը տվել է այնպիսի մասնագետներ, որոնք կարողանում են փոխել աշխարհը: Ճապոնիայում մեծ տեղ են տալիս կրթությանը, որը հիմնված է ավանդույթների վրա: 

Հ.Գ.: Վերջում տեղին է հիշատակել Նելսոն Մանդելայի խոսքը• «Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար»: