Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-04-2017
Հագուստն ու ժեստերը ի՞նչ են հուշում քաղաքական գործիչների մասին
Շատ հաճախ քաղաքական գործիչների կողմից կիրառվող ժեստերը շատերի համար անհասկանալի են թվում եւ երբեմն նյարդայնացնող:

Իրականում քաղաքական գործչի կողմից կիրառվող ցանկացած ժեստ ունի իր դերն ու նշանակությունը: Սակայն չի կարելի տարանջատել նաեւ հագուստը, քանի որ այն եւս կարեւոր դերակատարում ունի քաղաքական հանդիպումների ժամանակ:

Իմիջ բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է կերպար։ Ընդ որում՝ այդ հասկացության ներքո նկատի է առնվում ոչ միայն տեսողական (արտաքին), այլեւ մտածողության, գործողությունների, արարքների կերպարը: Քաղաքական իմիջի բաղադրիչներից է վիզուալ՝ տեսողական իմիջը, որն իր հերթին բաղկացած է հաբիտար իմիջից (արտաքին տեսք), միջավայրային իմիջից, կինետիկ իմիջից (ժեստեր)։

Քաղաքական իրադարձությունները հաճախ են վերլուծվում` ուշադրություն դարձնելով քաղաքական գործիչների տեսողական իմիջին՝ նրանց հագուկապին, ժեստերին։ Այս կամ այն հանդիպման կամ բանակցության ժամանակ հետեւելով քաղաքական գործիչների ժեստերին՝ կարող ենք ենթադրել կողմերի վերաբերմունքը միմյանց եւ գործընթացի հանդեպ։

Ստորեւ ներկայացնենք մի քանի օրինակ:

Լուսանկարում Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն է, ով ելույթ է ունենում՝ ձեռքերը վեր պարզած: Այս ժեստին վերաբերող կարծիքները հակասական են, սակայն իրականում այն դրական միտումներ ունի: Օրինակ՝ այդպիսով ելույթ ունեցողը պատրաստվում է փաստերով որեւէ բան ներկայացնել, բաց է հասարակության առաջ, ինչպես նաեւ խոսք կարող է լինել աշխատավարձերի բարձրացման մասին: 



Լուսանկարում ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնն է: Նրա ցուցամատները վեր են պարզված: Այսպիսի ժեստը որոշակի ագրեսիա է պարունակում կամ դիմացինին վախեցնելու նպատակ ունի: Եթե մատները գտնվում են դնչի հետ մի գծի վրա, ապա տվյալ մարդը պատրաստվում է որոշակի գործողությունների: 

Լուսանկարում ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Ուոքեր Բուշն է: Նրա այս ժեստը նշանակում է, որ քաղաքական գործիչը զերծ կմնա պլանավորած գործողություններն իրականացնելուց: 



Լուսանկարում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, ում շատ հաճախ կարելի է տեսնել նման ժեստ կիրառելուց: Քաղաքական գործչի կողմից կիրառվող այս ժեստը կոչվում է «Աշտարակ» (մատների ծայրերը միացած են, ափերը՝ ոչ): Այն հատուկ է ինքնավստահ մարդկանց կամ նրանց, ովքեր ձգտում են երեւալ այդպիսին: 



Լուսանկարում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Բարեւելիս նրա ձեռքը, ումը վերեւում է, ցանկանում է ցույց տալ իր առավելությունը դիմացինի հանդեպ, ում ձեռքը ներքեւում է (ինչպես Գերմանիայի կանցլեր Մերկելի եւ Հնդկաստանի վարչապետ Մոդիի դեպքում է)։ 



Սա երբեմն կարող է խաբուսիկ լինել, եթե լուսանկարում մարդը ձախից է. նրա ձեռքը բարեւելիս ինքնըստինքյան վերեւում է երեւում (Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ)։ 



Սակայն մեկ կարեւոր փաստ. քաղաքական գործիչների՝ միմյանց բարեւելու ձեւից կարող ենք հասկանալ նրանց հարաբերությունները։ Բարեւելիս ձեռքերը պետք է լինեն հավասար հարթության վրա, ինչը կվկայի կողմերի հավասարության մասին (Վլադիմիր Պուտին-Բարաք Օբամա):



Լուսանկարում Ուկրաինայի 3-րդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն է: Ստելիս ցուցամատով փակում են բերանը, տրորում են քիթը, քորում աչքերը: Ստելիս հաճախ են հպվում հագուստին, ակնոցին, հպվում են ականջի բլթակին, ժպտում են, բայց՝ ոչ աչքերով: 



Լուսանկարում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման է, ով ելույթների ժամանակ շատ հաճախ պարզում էր ցուցամատը: Եթե քաղաքական գործիչը խոսքի հետ օգտագործում է ցուցամատը, ուրեմն փորձում է ինչ-որ բան ապացուցել: Այդ ժեստը նաեւ հանրությանն իշխելու ժեստն է:



Սակայն թերեւս մեծ աղմուկ բարձրացրած քաղաքական ժեստերից մեկը Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլու՝ փողկապն «ուտելու» ժեստն էր, որը հոգեբան Միխայիլ Վինոգրադովը բացատրում էր նրանով, որ քաղաքական գործչի մոտ առկա է եղել վախի մեծ զգացում: Ինքը՝ Սաակաշվիլին, մեկնաբանելով իր այդ արարքը, նշել էր, որ երկրի համար անհանգստությունը կարող է մարդուն տարբեր քայլերի դրդել, այդ թվում՝ փողկապը կրծելուն: 



Հարկ է նշել, որ քաղաքական գործիչները մարզում են ոչ միայն իրենց խոսքը, այլեւ ժեստերը։ Սակայն ի տարբերություն առաջին դեպքի՝ իրենց ժեստերը կառավարելն ավելի բարդ է, եւ դրանք վճռական պահերին հաճախ են մատնում քաղաքական գործիչներին ։ Միաժամանակ դրանք քաղաքական հմուտ գործիչներին օգնում են, որ ճիշտ վերլուծեն զրուցակցի դիրքորոշումն ու մտադրությունները եւ գործեն ըստ այդմ։