Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 19-04-2017
Աբովյան փողոցը Երեւանի միակ փողոցն է, որ…
Երեւանի՝ 1856 թ. հաստատված առաջին գլխավոր հատակագիծը մշակել է Ստոցկին: Նախագծում կիրառվել է փոխուղղահայաց փողոցային ցանցով եւ ուղղանկյուն թաղամասերով հատակագծման սկզբունքը:

Հատակագծի համաձայն կյանքի կոչված Կրեպոստնայա-Աստաֆյան առանցքը (ներկայումս` Վազգեն Սարգսյան-Աբովյան փողոցներ) 19-րդ դարի երկրորդ կեսին եւ 20-րդ դարի սկզբին Երեւանի գլխավոր մայրուղիներից էր:

Ինչո՞ւ Կրեպոստնայա-Աստաֆյան, ո՞րն էր անվան պատճառը: Քանի որ սկսվում էր քաղաքի բերդի հյուսիսային դարպասից, սկզբնական շրջանում այն կոչվում էր Կրեպոստնայա: 1864-1869 թվականների Երեւանի նահանգապետի պատվին 1869 թ. Քաղաքային զբոսայգու (Շահումյան) հյուսիսային հատվածից փողոցի շարունակումը եւ Նովոցերկովնայա փողոցի հետ հատումը (մինչեւ «Արմենիա» հյուրանոցի թեւի կառուցումը` Սովետների փողոց, որը ներկայումս գոյություն չունի) ստացել է Աստաֆեւսակայա անվանումը, սակայն ժողովուրդը կոչում էր Աստաֆյան:  

Կրեպոստնայա շրջանում տեղակայված էին ունիվերսալ եւ մասնագիտացված խանութներ, «Լոնդոն» եւ «Օրիենտ» հյուրանոցները: Փողոցի շենքերը կառուցապատվել են նույն կերպով, եղել են խանութների ցուցափեղկերի անվերջանալի շարքեր, վերին հարկաբաժինների կրկնապատկված պատուհաններ ու բարձակավոր պատշգամբներ: 

Աստաֆյան փողոցում էր գտնվում «Գրանդ-օտել» հյուրանոցը, որում միավորված էին Գ. Ամիրյանի եւ Բ. Եղիազարյանի մոդա-մանուֆակտուրային եւ Ա. Հարությունյանցի ունիվերսալ խանութները, «Ֆրանսիա» հյուրանոցը, Աֆրիկյանների, Ե. Ջանփոլադյանի, Օ. Գրիգորյանի հայտնի խանութները, Գաբրիելյան եղբայրների «Ֆլորա» ծաղկի խանութը եւ այլն:

Աստաֆյան փողոցում մեծ թիվ էին կազմում մշակութա-լուսավորչական կառույցները: Ե. Քալանթարյանին պատկանող կալվածքում երկար ժամանակ տեղակայված էր Արական գիմնազիան, իսկ 1900-ական թվականների սկզբից փողոցի հյուսիսարեւելյան ծայրին էր գտնվում Մանկավարժական սեմինարիայի համալիրը: 

1914-1915 թվականների Աստաֆյան փողոցում հայտնվեցին Հ. Հովհաննիսյանի հայտնի առողջարանները, իսկ հաջորդ տարի ավարտվեց Քաղաքային հիվանդանոցի շինարարությունը: Փողոցի կառուցապատման մնացած մասը կազմում էին հարուստ եւ անվանի քաղաքացիների, արդյունաբերողների, առեւտրականների  բազմաբնակարան տներն ու առանձնատները: Նշենք նաեւ, որ Աստաֆյանով տեղադրվել են նաեւ ձիաշարժի գծեր, որոնք 1918 թվականին շարունակվել են դեպի կայարան՝ ապահովելով քաղաքի հիմնական շրջանների միջեւ տրասնպորտային կապը: 1933 թվականից էլ այստեղով անցել է քաղաքի առաջին տրամվայը։

Փողոցում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել Սբ. Կաթողիկե եւ Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցիները: Վերջինս 1930-ական թթ., հակառակ հայ ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի եւ Աշխարհբեկ Քալանթարի ընդդիմություններին, քանդվել է, իսկ տեղում կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքը։

Թաղամասերում քարե, սովորաբար սեւ տուֆից, մեծ մասամբ եռահարկ, ինչպես նաեւ պարտադիր բարձր պատվանդանային հիմքերով շենքեր էին, որոնք իրենց հետնամասերում ունեին առանձնատների շքեղ այգիներ: Նրանք եվրոպական ճարտարապետության ավանդույթները վերարտադրում էին յուրահատուկ ազգային  ձեւերով կամ զարգացնում էին ժամանակակից մոդեռնի ձեւերը: 

Ճարտարապետական ուրույն գեղեցկություն էին հաղորդում աշտարակները, միջհարկային մասնատումները, պատուհանների չկրկնվող ձեւերը, դեկորատիվ զարդանախշումը, պատշգամբների ու շքամուտքերի շեշտադրումը եւ մի շարք այլ հետաքրքիր լուծումներ: 19-20-րդ դարերում Երեւանի փողոցները զարդարում էին կանաչ տարածությունները եւ փողոցների եզրով գցված առուները: Աստաֆյան փողոցը եւս անմասն չի մնացել:

Կրեպոստնայա փողոցը մի քանի անգամ անվանափոխվեց՝ կրելով Պառլամենտի, Շահումյան, իսկ 2000 թվականից Վազգեն Սարգսյանի անունները: Աբովյան փողոցը Երեւանի միակ փողոցն է, որ նախորդ պատմական ժամանակաշրջանից անվանումը չի փոխել: 

Մեր հաջորդ հրապարակումներում կանդրադառնանք ինչպես Աբովյան, այնպես էլ Երեւանի մյուս փողոցների պատմամշակութային արժեք ներկայացնող շինություններին՝ հաղորդելով նրանց պատմությանը վերաբերող տեղեկություններ: