Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 20-04-2017
«Քաղաքում քայլողը». Անի Յավրենց
«Նոյյան Տապան» գրատունը նոր ու բացառիկ նախագիծ է սկսել, որը կրում է «Քաղաքում քայլողը» խորագիրը:

 Նախագծի նպատակն է ճանաչել ու իմանալ այն հետաքրքիր մարդկանց, ովքեր քայլում, ապրում ու ստեղծագործում են մեր քաղաքում:   



Նախագծի մեկնարկը տրվեց ապրիլի 19-ին, իսկ առաջին հյուրը «Քաղաքում քայլող» Անի Յավրենցն է, ով մասնագիտությամբ լեզվաբան է: Նա քայլում, մտածում, լացում, գոռում ու ապրում է մեր քաղաքում: 



Անին գիրք է գրում մեր քաղաքի մասին, որը, սակայն, ինչպես ինքն է նշում, կհրատարակվի այն ժամանակ, երբ զգա, որ պատրաստ է հասարակությանը ներկայացնել որակյալ գրականություն։



«Ինձ միշտ մեկ հարց է հետաքրքրել. արդյո՞ք քաղաքը միայն բնակավայր է, որտեղ մենք ապրում ենք, եւ առհասարակ արդյո՞ք այն ունի սահմանում: Քաղաքի մասին խոսելը մի փոքր դժվար է հատկապես այն դեպքում, երբ նրա մասին շատերն են խոսել, դրա մասին խոսվել է գրողների ստեղծագործություններում, որտեղ լրիվ այլ նկարագիր է տրվում, որը մեր ժամանակաշրջանին երբեմն չի համապատասխանում»,- նշում է Անի Յավրենցը:



Նա իր գրքում փորձել է ներկայացնել այն քաղաքը, որն ինքը պատկերացնում է, որն իր ներսում է, ինչպես նաեւ փորձում իր բողոքի ձայնը բարձրացնել որոշ երեւույթների մասին: 



Երիտասարդ գրողը համոզված է, որ գրականությունը հզոր գործիք է, իսկ քաղաքի մասին գրականությամբ խոսելը՝ լավագույն տարբերակը, որպեսզի խոսքը տեղ հասնի, որպեսզի հնարավոր լինի որեւէ բան փոխել: Հասարակությունն այդպիսով կարող է ինտեգրվել, ծանոթանալ այդ ամենի հետ: Գրքում ներկայացրած կերպարները հավաքական կերպարներ են, սակայն՝ ինքնամփոփ: 



«Ես կարող եմ մեկ բան հաստատ ասել. այն, որ ես ցանկանում եմ գրող լինել, լինել գրականության մի մասը, ստեղծել որակյալ գրականություն: Սակայն կարծում եմ, որ մենք այսօր չունենք որակյալ գրականության պակաս, այլ առավել շատ հասարակության վստահության պակաս կա»,- ասաց նա: 



Նշենք, որ հանդիպման ընթացքում տեղի ունեցան նաեւ քննարկում եւ կարծիքների փոխանակում: