Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 20-04-2017
Ներկայացվեց մշակված «Ցտեսություն, Ծիտ»-ը
Ընթերցողին է ներկայացվել Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» ստեղծագործության մշակված տարբերակը:



Հեղինակը որոշել է փոփոխություններ կատարել, երբ գրքի տպագրությունից որոշ ժամանակ անց վերընթերցել է այն եւ այնքան էլ չի հավանել:



«Փորձում էի փրկել՝ նորից գրելով, բայց անհնարին էր գիրքը նորից գրել: Ի՞նչը փրկել, երբ այդ տղան 5 տարի առաջ այդպես էր մտածում եւ այդ վիճակում էր, այդպես էր պատկերացնում այդ ամենը: Դրա համար 10 էջից հետո մի կերպ բռնանալով ինձ վրա՝ հասկացա, որ պետք չէ խորը փոփոխություններ անել»,- ասաց նա:



Փոփոխությունները որոշ նախադասությունների եւ դետալների հետ են կապված, իսկ ստեղծագործության առանցքը նույնն է: «Ցտեսություն, Ծիտ»-ը երիտասարդ արձակագրի առաջին վեպն է, որում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի մտորումները։



«Ֆեմինիստական գրականության ֆոնին, որով կը պատմեն՝ ինչքան դժվար է կին ըլլալ, Արամ հանկարծ հրապարակ կբերե գիրք մը, որը կը պատմե՝ որչափ դժվար է տղա ըլլալ»,- նշեց արձակագիր Քրիստիան Բադիկյանը:



Գրքի ստեղծման ճանապարհին ծանոթանալու համար ապրիլի 19-ին Արամ Պաչյանի հետ հանդիպելու էին եկել ընթերցողները, ընկերներն ու գրականությամբ հետաքրքրվող մարդիկ: Երիտասարդ հեղինակի մասին ֆիլմի ցուցադրությունից հետո գրողն ընթերցեց իր փոքրիկ ստեղծագործություններից:



«Մենք ունենք ժամանակակից երիտասարդ գրող, որի գիրքը 2 երկրում տպագրվել է, ընդ որում՝ այնպիսի հրատարակիչների կողմից, ովքեր իրենց երկրում ճաշակ թելադրում են եւ գիտեն՝ ինչ են տպում: Մենք այսօր կարող ենք հպարտանալ, որ Պաչյանը անգլերեն եւ ուկրաիներեն հրատարակած գրքեր ունի: Նա կարող է դառնալ մի շոգեքարշ, որի հետեւից կարող են գնալ մեր մյուս տաղանդավոր գրողները»,- նշեց գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:



Նշենք նաեւ, որ գրքի վաճառքից ստացված ամբողջ գումարով կհրատարակվի մեկ այլ հեղինակի առաջին գիրքը: 



Արամ Պաչյանի պատմվածքներն ու էսսեները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում: «Թափանցիկ շշեր», «Ռոբինզոն», «Շախմատային նովել», «Աշխատանք, աշխատանք» պատմվածքների համար նա արժանացել է գրական մրցանակների: