Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 20-04-2017
Մեկնարկեց «Վերածնունդ»-ը
Երեկ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մեկնարկեց «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 

Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն:

Փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության՝ մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին եւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյա հոբելյաններին:

Հանդիսավոր գալա համերգի ընթացքում ելույթով հանդես եկավ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետը նախ երեք լեզվով ողջունեց հանդիսատեսին եւ հյուրերին, այնուհետեւ փաստեց վերջին տարիներին Գյումրիում մշակութային եւ երիտասարդական կյանքի ակտիվացման մասին. «Հպարտ եմ, որ Գյումրիում այսպիսի փառատոն է անցկացվում, մենք դեռ շատ ծրագրեր ունենք, որոնք պետք է իրականացվեն Գյումրիում»:

Այս տարի փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 3000 անհատ կատարողներ եւ համույթներ 35 երկրից: Մրցույթը կանցկացվի 5 տարիքային խմբով, 19 անվանակարգով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժողովրդական գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, զինվորական նվագախմբեր եւ երգչախմբեր, պարարվեստ: Յուրաքանչյուր անվանակարգում բացարձակ հաղթողներին կշնորհվի մեծ մրցանակ:

Փառատոնի մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված են 14 երկրների արվեստի ճանաչված 72 գործիչներ:

Հարկ է նշել, որ փառատոնը դարձել է Հայաստանի եւ տարածաշրջանի մանկական եւ երիտասարդական արվեստի ամենախոշոր միջազգային տոնահանդեսը:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից: Միջոցառման հիմնական նպատակը դասական, էստրադային եւ ազգային արվեստի քարոզչությունն է, ստեղծագործական եւ ընկերական նոր կապերի ստեղծումը տարբեր ազգերի կատարող-երաժիշտների միջեւ: 

Պատկերասրահ՝  «Վերածնունդ» միջազգային IX փառատոնը մեկնարկեց