Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 21-04-2017
«In Tour Expo-2017» 4-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը մեկնարկեց
Այսօր՝ ապրիլի 21-ին, Երեւանի «Էքսպո» կենտրոնում մեկնարկեց «Էքսպո Գրուպ» ընկերության կողմից կազմակերպված «In Tour Expo-2017» 4-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

«In Tour Expo-2017»-ը լավագույն հարթակն է ոլորտի մասնագետների եւ սպառողների շփման համար: Նախորդ տարիների փորձն ապացուցել է, որ հենց այստեղից են մեկնարկում սեզոնի նոր եւ լավագույն առաջարկները: Ցուցահանդեսը բացահայտում է տուրիստական առաջարկների ողջ տեսականին, մասնավորապես շրջագայությունների կազմակերպում ոչ միայն Հայաստանում եւ Արցախում, այլեւ մի շարք երկրներում, իսկ այդ ամենին զուգահեռ՝ նաեւ իրականացվում են ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, գործնական տուրեր եւ այլն: 

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է տուրիստական ոլորտի շուրջ 80 ներկայացուցիչ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Չեխիայից, Իսրայելից, Վրաստանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն է, որի ղեկավարությունը կարեւորում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա հարաբերությունները,  հատկապես՝ օդային ոլորտում: Նշենք, որ ցուցահանդեսի աջակիցներն են ՀՀ Կառավարությունը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, ինչպես նաեւ Զբոսաշրջության պետական կոմիտեն:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ սա շատ կարեւոր միջոցառում է զբոսաշրջության զարգացման եւ խթանման համար, քանի որ Հայաստանում տուրիզմի զարգացումը մեծ ներուժ ունի։

Հայաստանում Ռուսաստանի առեւտրի ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն փաստում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը գործընկերներ են տարբեր ոլորտներում, ինչն առավել ամրապնդում է հայ-ռուսական հարաբերությունները: «Հայ-ռուսական հարաբերություններում անմասն չի մնում զբոսաշրջության ոլորտը: Հայաստանը լավ պայմաններ ունի զբոսաշրջության համար, իսկ հյուրանոցները, անխոս, համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Բացի դրանից՝ Հայաստանում զբոսաշրջիկը կարող է հանգստանալ ե՛ւ ամռանը, ե՛ւ ձմռանը»,- նշեց նա եւ հավելեց, որ ռուս զբոսաշրջիկները հաճախ են այցելում Հայաստան, եւ այդ այցերը, անխոս, կկրեն շարունակական բնույթ:

«Էքսպո Գրուպ» ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանն իր ելույթում նշեց, որ «In Tour Expo-2017» 4-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը եւս մեկ լավ հնարավորություն է համագործակցության կապերի ամրապնդման եւ նոր գործընկերների հետ կապեր հաստատելու առումով: Վերջինս շնորհավորեց մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ համագործակցություն:

Նշենք, որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 23-ը:

Պատկերասրահ՝ «In Tour Expo - 2017»