Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-04-2017
Ինստիտուտի դիտակետում երիտասարդական ոլորտի խնդիրներն են
Հայաստանի երիտասարդական ոլորտում հիմնական խնդիրներից մեկը, որը համընդհանուր է թե՛ Երեւանի եւ թե՛ մարզերի երիտասարդների համար, եղել եւ մնում է զբաղվածությունը: Եթե այլ երկրներում գործազրկության միջին ցուցանիշը մոտ 20 տոկոս է, մեզ մոտ այն հասնում է 48 տոկոսի:

 Առանձնանում են նաեւ մասնակցության հարթակների պակասի, ինքնաարտահայտման, որակյալ կրթություն ստանալու խնդիրները, որոնք վառ դրսեւորված են հատկապես մարզերի երիտասարդների շրջանում:
 
Արդեն մի քանի տարի է, ինչ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը պարբերաբար հետազոտություններ է կատարում երիտասարդական ոլորտում՝ նպատակ ունենալով նպաստել փաստարկված երիտասարդական քաղաքականության մշակմանը, առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների բացահայտմանը, ինչպես նաեւ խթանել երիտասարդության մասնակցությունը երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացում:  

Իրականացվել են մի շարք հետազոտություններ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրների, աշխատաշուկայի պահանջարկի, երիտասարդական աշխատողի եւ աշխատանքի վերաբերյալ, կատարվել են երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրում եւ պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության գնահատման ծրագրեր եւ այլն, որոնք տպագրվել եւ հրապարակվել են տարբեր զեկույցների տեսքով: 

«Ինստիտուտի՝ որպես հետազոտական կենտրոնի ստեղծման օրվանից մեր կողմից շեշտադրել ենք ոչ միայն գրագետ ուսումնասիրությունների իրականացումը, այլեւ դրանք երիտասարդական ոլորտի քաղաքականությանը մասնակից դարձնելը: Հետազոտական գործընթացներում ապահովում ենք երիտասարդների առավելագույն մասնակցությունը, նրանց հետ նաեւ հանդիպում-քննարկումներ ենք իրականացնում՝ համոզվելու համար՝ արդյո՞ք վերլուծությունները ճիշտ են կատարվել: Երիտասարդները մեզ մոտ շատ են ընդգրկվում նաեւ որպես կամավորներ»,- նշեց ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը: 

Երիտասարդների շրջանում որպես հիմնական խնդիր Մարինա Գալստյանն առանձնացրեց զբաղվածությունը, մասնակցության, ինքնաարտահայտման հարթակների պակասը, որակյալ կրթություն ստանալու խնդիրը. «Եթե այլ երկրների երիտասարդների շրջանում գործազրկությունը 20 տոկոս է, մեզ մոտ գործազրկության մակարդակը մոտ 48 տոկոս է: Երիտասարդների կեսը փաստացի ամեն օր անգործության է մատնված: Կա նաեւ տնտեսական, քաղաքական, մշակութային մասնակցության հարթակների պակաս: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալական կայքերում երիտասարդների ակտիվությունը նույնպես պայմանավորված է ինքնաարտահայտման պակասով»

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտն ունի հասարակական եւ պետական սեկտորից կազմված խորհուրդ, որի անդամների քննարկումների արդյունքում ընտրվում են հետազոտության թեմաները: 2016-2017 թվականների համար որպես հետազոտության գերակա ուղղություն ընտրել են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թթ. ռազմավարության մոնիթորինգը եւ գնահատումը: 

«Պլանավորում ենք հետազոտական երկու արդյունք ունենալ՝ մոնիթորինգի եւ գնահատման վերջնական վերլուծություն եւ հաշվետվություն, ինչպես նաեւ առանձին նյութով հրապարակել երիտասարդների կարիքների գնահատումը՝ ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թթ.  ռազմավարության համար առաջարկություններ անելու նպատակով: Մեզ մոտ քննարկման փուլում է նաեւ երիտասարդների մասնակցության վերաբերյալ տարբեր կառույցների կողմից կիրառվող փորձի ուսումնասիրությունն ու լավագույն փորձի վերհանումը»,- փաստում է Մարինա Գալստյանը:

Նշենք, որ Երիտասարդական ուսումնասիրությունների  ինստիտուտի կողմից հետազոտության արդյունքները ներկայացվում են երիտասարդական ոլորտին առնչվող պետական կառույցներին, բացահայտված խնդիրների շուրջ կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ: 

Ըստ Մարինա Գալստյանի՝ դրական փորձ է նկատվել երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում. «Օրինակ՝ երիտասարդական աշխատանքի վերաբերյալ մեր հետազոտության հիման վրա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում երիտասարդական աշխատանքի կանոնակարգ է մշակվել»:

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2013 թ.-ին ստեղծվել է «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում: