Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 04-05-2017
Երեւանում տեղի կունենա մասսայական վազք՝ «Հանուն հաղթանակի եւ խաղաղության» նշանաբանով
Մայիսի 7-ին՝ ժամը 10:30-ին, Երեւանի «Հաղթանակ» զբոսայգուց կմեկնարկի առաջին մասսայական վազքը՝ «Հանուն հաղթանակի եւ խաղաղության» նշանաբանով:

Մասնակիցները վազքով կանցնեն ավելի քան 4 կմ՝ «Հաղթանակ» զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից մինչեւ Հանրապետության հրապարակ:

Միջոցառումը համատեղ կազմակերպել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, Հայաստանի եռամարտի ֆեդերացիան եւ Երեւանում «Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնը»՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, նախարարության, դեսպանատան աշխատակիցներ, ինչպես նաեւ մարզաշխարհի ներկայացուցիչներ:

Այսօր՝ մայիսի 4-ին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լեւոն Վահրադյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական եւ «Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի» տնօրեն Մարկ Կալինինը եւ Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը մանրամասներ ներկայացրեցին մայիսի 7-ին կայանալիք մասսայական վազքի վերաբերյալ:

Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանի խոսքով՝ մայիսի 7-ին կայանալիք մասսայական վազքն իսկապես կարեւոր եւ աննախադեպ իրադարձություն է, որին կարող են մասնակցել տարբեր սեռի, տարիքի եւ ազգության մարդիկ: Վազքը կնվիրվի Շուշիի ազատագրմանն ու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին: «Ամենակարեւորն այն է, որ մասնակիցները բավականություն ստանան եւ լինեն բարձր տրամադրությամբ»,- նշեց Եռամարտի ֆեդերացիայի նախագահը:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական եւ «Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի» տնօրեն Մարկ Կալինինը փաստեց, որ շատ են բազմաբնույթ միջոցառումները, որոնց ժամանակ մարդիկ տարբեր կերպ են հարգում Հայրենական պատերազմում զոհերի հիշատակն ու փառաբանում հաղթանակը:

«Մենք կփորձենք այդպես նշել հաղթանակը: Պետք չէ հաղթանակի օրը նստել տանը եւ հեռուստացույց դիտել, այլ պետք է դուրս գալ, միմյանց ծաղիկներ ու ժպիտ նվիրել: Ես հույս ունեմ, որ շատ երիտասարդներ իրենց մասնակցությունը կունենան վազքին»,- նշեց Մարկ Կալինինը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լեւոն Վահրադյանն իր հերթին եւս նշեց միջոցառման կարեւորության մասին՝ ասելով, որ այսպիսով մարդկանց հնարավորություն է տրվում ուշադրություն դարձնել եւ զբաղվել իրենց ֆիզիկական դաստիարակությամբ: