Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 05-05-2017
Ամփոփվեց «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձեւաչափ» ծրագիրը
Մարտ ամսին ԵՊՀ-ում մեկնարկել էր «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձեւաչափ» խորագրով ծրագիրը:

Ծրագրի ընթացքում ուսանողները հանդիպումներ են ունեցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ՝ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարի, Հայաստանում «Beeline» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ի ներկայացուցիչներ, ընկերության մանրածախ ապահովագրության գծով գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նավասարդյանի եւ ընկերության անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գեւորգյանի, ինչպես նաեւ «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ: 

Այդ հանդիպումների շնորհիվ ԵՊՀ բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաեւ շրջանավարտները ծանոթացել են ներկայումս ՀՀ աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող ոլորտների կազմակերպությունների գործունեությանը եւ կադրային քաղաքականությանը:



Այսօր՝ մայիսի 5-ին, կայացավ ծրագրի ամփոփումը: ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը մի շարք մանրամասներ ներկայացրեց ծրագրի ընթացքի եւ արդյունքների մասին: 

Նրա խոսքով՝ դա ինտենսիվ ծրագիր էր, որը համապատասխանում է այսօրվա աշխատաշուկայի պայմաններին եւ միտված է կրթության ոլորտում բարեփոխումների իրականացմանը:

«Այս հաջողությունը ոչ միայն մերն է, այլեւ մեր գործընկերներինը, քանի որ սա լայնամասշտաբ ծրագիր է: Մենք կարողացանք մեծ հաջողությամբ իրականացնել այս ինտենսիվ ծրագիրը»,- նշեց նա:

Ռուբեն Մարկոսյանը, սակայն, մատնանշեց մի կարեւոր հանգամանք. այն է՝ ուսանողներին մոտիվացնելը: Ըստ նրա՝ այդ առումով անհրաժեշտ է աշխատանքներ տանել: Ուսանողների մասնակցությունը շատ կարեւոր է նմանօրինակ ծրագրերին, որպեսզի հնարավոր լինի բավարարել աշխատաշուկայի պահանջները:



«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գեւորգյանը նշեց համագործակցության արդյունավետության մասին եւ հավելեց, որ ծրագրի շնորհիվ իրենց ընկերությունը 9 մասնակցի հնարավորություն կտա ապահովագրական ոլորտին ներսից ծանոթանալու, իսկ եւս 3-ը գրասենյակներից մեկի մենեջերի հաստիքի համար անցկացվելիք մրցույթին մասնակցելու հնարավորություն կունենան:

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծրագիրն ինքնին առանձնահատուկ էր, քանի որ ընտրվել էին ոլորտներ, որտեղ իրենց գործընկերները հստակ առաջարկներ պետք է ներկայացնեին ուսանողներին: Աշխատանքի եւ պրակտիկայի առաջարկներ մշտապես լինում են գործընկերներից, սակայն սա ամբողջությամբ նոր ձեւաչափ էր:

«Եթե ընկերությունը ցանկանում է որեւէ բլոկում նոր աշխատակից ներառել, ապա իրականացնում է թրեյնինգներ, որպեսզի տվյալ աշխատանքին պատրաստի տվյալ թեկնածուին: Ուսանողը, ունենալով ակադեմիական գիտելիքներ, ընկերության կողմից անցկացվող թրեյնինգների միջոցով հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է ունենում, որպեսզի առկա հաստիքը կարողանա զբաղեցնել: Սա իսկապես նորություն էր, քանի որ մեծ թվով ուսանողներ կարողացան իրենց դրսեւորել տվյալ առաջարկը ստանալու համար»,- նշեց Կարինե Նազարյանը:



Այն հարցին, թե ինչ նպատակ ուներ այդ ծրագիրը եւ ինչ արդյունքներ տվեց, նա փաստեց նաեւ, որ այդպիսով ընկերությունները կարողացան իրենց առաջարկները ներկայացնել ուսանողներին: Ընկերություններից, օրինակ, «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն ներկա պահին կհամագործակցի մի շարք ուսանողների հետ, սակայն ամռանը կներառի եւս մի քանիսին: Վերջիններս կունենան տարբեր բնույթի առաջարկներ: Մյուս գործընկերները եւս հետագայում նպատակ ունեն համագործակցել ուսանողներին ծրագրերում ներառելու ուղղությամբ: 

Ծրագրի՝ շարունակական բնույթ կրելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Կարինե Նազարյանը նշեց. «Սա պիլոտային ծրագիր էր: Նպատակը նաեւ այն էր, որպեսզի մենք հասկանանք, որ եթե ուսանողներին դա հետաքրքրում է, ապա՝ այո՛: Ի դեպ, մասնակցությունը փաստեց, որ ուսանողներն իսկապես հետաքրքրված էին, քանի որ 400-ից ավելի ուսանող էր մասնակցելու ցանկություն հայտնել: Սակայն հիմնական խնդիրը ոլորտների քիչ թվաքանակն էր, ըստ այդմ՝ 400 ուսանողի 3 ոլորտում (բանկային, հեռահաղորդակցման, ապահովագրական) տեղավորելը բավականին բարդ գործընթաց էր, քանի որ այսօրվա աշխատաշուկան միանգամից այդքան շատ առաջարկ չի կարող ունենալ: Այդ պատճառով ստիպված էինք ընտրություն կատարել եւ ներառել 90-ին»: 

Կարինե Նազարյանը նաեւ փաստեց, որ գործընկեր ընկերություններին եւս հետաքրքրել է նմանօրինակ ձեւաչափով համագործակցությունը, ուստի վերջիններս եւս պատրաստ են նոր համագործակցության: 



Մասնակիցներից Վարդուհի Շահմուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրին ցանկություն է հայտնել մասնակցելու, քանի որ հետաքրքրվել է լիդերության թեմայով: Մշտապես ուսումնասիրել է առաջնորդների անցած ուղիներն ու նրանց գործունեությունը, որպեսզի այդպիսով առավել շատ բան սովորի եւ իմանա:

«Ծրագրի մասնակիցները շատ էին, սակայն, կարծում եմ, որ յուրաքանչյուրն էլ կարողացավ որեւէ բան սովորել: Ծրագիրն ինքնին երկու մասից էր բաղկացած: Բայց առավել հետաքրքիր էր՝ կազմակերպությունների հետ անմիջական ծանոթությունը: Յուրաքանչյուր կազմակերպություն նոր եւ հետաքրքիր մոտեցումներ ուներ»,-նշեց Վարդուհին:

Ծրագրից ստացած կարեւոր ձեռքբերումը նա համարում է այն, որ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության կազմակերպած սեմինարի ընթացքում կարողացել է ծանոթանալ հաղորդակցման ձեւերի հետ, իսկ «Բիալայն» ընկերության կազմակերպած սեմինարի միջոցով  իր համար մի շարք բացահայումներ արել՝ կապված մեր եւ մյուս երկրների օպերատորների տարբերության հետ:



«Ինչ խոսք՝ ծրագիրն իսկապես կարող եմ ստացված համարել: Ես շատ ուրախ եմ, որ ժամանակս շահավետ օգտագործելով մասնակց եմ ծրագրին»,-նշեց Վարդուհի Շահմուրադյանը:

Հավելենք, որ գործընկեր ընկերությունների ներկայացուցիչները շնորհավորեցին եւ հավաստագրեր հանձնեցին մասնակիցներին։ 

Մասնակիցներից ոմանք գործընկեր ընկերություններում պրակտիկա, ստաժավորում, իսկ ոմանք էլ աշխատանքի անցնելու հնարավորություն ստացան:

Պատկերասրահ՝ Բուհ-ձեռնարկություն համագործակցային ծրագրի ամփոփումը ԵՊՀ-ում