Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 06-05-2017
Միջոցառում՝ նվիրված «JKA Armenia» շոտոկան կարատեի ֆեդերացիայի հիմնադրմանը
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի սպորտային համալիրում («Միկա» սպորտային համալիր) տեղի ունեցավ «Ջեյ-Քեյ-Էյ Արմենիա» («JKA Armenia») շոտոկան կարատեի ֆեդերացիայի հիմնադրմանը/վերամիավորմանը նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին «Japan Karate Association World  Federation» («JKA WF/Europe») եւ «JKA Germany-DJKB»-ի գլխավոր հրահանգիչ, պատվավոր նախագահ, «JKA WF»-ի վարչության (Shihankai) անդամ, ճապոնական կարատեի մեծագույն վարպետներ Հիդեո Օչին (9-րդ դան), նախկին Խորհրդային Միությունում ճապոնական կարատեի հիմնադիրներից մեկը՝ «JKA WF/Europe»-ի նախագահ, Ռուսաստանի շոտոկան կարատեի միավորված կազմակերպությունների (USKO) նախագահ Իլյա Գուլեւը (6-րդ դան), ինչպես նաեւ Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Կենդոյի հայկական ակումբի անձնակազմը՝ կենդոյի վարպետ Յորիհիկո Մաենոյի (7-րդ դան) գլխավորությամբ:

Օրը հատկանշական էր, քանի որ նշված անձինք Հայաստան են ժամանել ֆեդերացիայի՝ «JKA WF»-ի եւ «JKA WF/Europe»-ի՝ 2016 թ.-ին լիիրավ անդամ դառնալու որոշման, ինչպես նաեւ ուսումնամարզական սեմինար եւ որակավորման քննություններ անցկացնելու կապակցությամբ: 

Ելույթով հանդես եկավ Իլյա Գուլեւը, ով 36 տարի առաջ է եղել Հայաստանում: Նրա խոսքով՝ այս օրն իր համար խորհրդանշական է, քանի որ 36 տարի առաջ կարողացել է Հայաստանում համախմբել այս մարզաձեւում իրենց լավ դրսեւորող մարզիկներին:

«Սա իսկապես շատ խորհրդանշական է ինձ համար: Ես հիմա ուրախ եմ, որ Հայաստանում նման առաջընթաց է արձանագրվում: Հայ մարզիկները Եվրոպայում մասնակցել են մի շարք մրցաշարերի: Չնայած այն հանգամանքին, որ դեռեւս մեդալներ չկան, ու դա սովորական է սպորտում, սակայն նրանք մեծ ներուժ ունեն եւ կարող են առաջիկայում մեդալներով վերադառնալ: Նրանք ունակ են միջազգային հարթակներում փայլուն ելույթներ ունենալուն: Իսկապես մեծ է այն անձանց դերակատարությունը, ովքեր աշխատանք են տանում ֆեդերացիան ծաղկեցնելու ուղղությամբ»,- նշեց նա:

Հանդիպումը մեկնարկեց պատանի սաներից մեկի երաժշտական կատարմամբ: Այնուհետեւ մարզիկները ներկայացրեցին ցուցադրական ելույթներ՝ տարբեր պարագաներով, ինչպես նաեւ հանդիսատեսն ականատես եղավ մշակութային ելույթների: