Նյութը՝ Նելլի Գիշյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 15-05-2017
Երիտասարդներն ընդդեմ անտիսեմիտիզմի
2017 թ. մայիսի 9-12-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդներն ընդդեմ անտիսեմիտիզմի» խորագրով քառօրյա սեմինար-դասընթացը:

Ծրագիրը կազմակերպվել էր Եվրախորհրդի կողմից «Ո՛չ ատելության խոսքին» շարժման շրջանակում: Սեմինար-դասընթացն իր հարկի տակ համախմբել էր Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած երիտասարդների, որոնց թվում էին նաեւ Հայաստանից ժամանած «Ո՛չ ատելության խոսքին» շարժման ակտիվ անդամներ Արփինե Կոստանյանը, Անահիտ Խաչատրյանը եւ Նելլի Գիշյանը:



Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անտիսեմիտիզմի դեմ պայքարը Եվրախորհրդի «Ո՛չ ատելության խոսքին» շարժման երեք կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է, սեմինար-դասընթացի ընթացքում առավել կարեւոր համարվեց արդեն իսկ Եվրոպայի տարբեր կողմերից ժամանած երիտասարդների անմիջական մասնակցությամբ պլանավորելու 2017 թվականին կայանալիք Եվրոպայի գործողության օրերից մեկը, որը նույնպես ուղղված է անտիսեմիտիզմի եւ ֆաշիզմի դեմ պայքարին եւ  կկայանա 2017 թվականի նոյեմբերի 9-ին:  

Սեմինար-դասընթացի մասնակիցները հայտնի փորձագետների միջոցով տեղեկացան անտիսեմիտիզմի, դրա տարբեր դրսեւորումների, պատմական զարգացումների մասին, եւ մեկ անգամ եւս հաստատվեց այն հանգամանքը, որ այն դեռեւս մեծ սպառնալիք եւ չարիք է տարբեր երկրներում ապրող հրեաների համար:



Տարբեր խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները նաեւ վեր հանեցին իրենց երկրներում առկա ատելության խոսքի հետ կապված խնդիրները՝ հատկապես առաջնահերթություն տալով անտիսեմիտիզմին վերաբերող խնդիրներին: 

Հանդիպման շրջանակում մասնակիցները այցելեցին Ստրասբուրգ քաղաքի սինագոգը, որը Եվրոպայի ամենամեծ սինագոգներից մեկն է: Բոլորը շատ տպավորված էին այդ ճանաչողական այցից եւ սեմինար-դասընթացի հագեցած եւ գիտելիքահեն հանդիպումներից:

Հ.Գ.: Առաջիկայում «Ո՛չ ատելության խոսքին» շարժման հայաստանյան ազգային կոմիտեում կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի ծրագրի մասնակիցների կողմից պատրաստված մեկօրյա դասընթաց նրանց համար, ովքեր կցանկանան լսել անտիսեմիտիզմի դեմ պայքարի եւ «Ո՛չ ատելության խոսքին» շարժման մասին: