Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-05-2017
«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ
Երեւանում հունիսի 6-ին կայանալիք «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ:

Արփինե Բալյանը եւ Մարինե Մարգարյանը արդեն իսկ մեծ փորձ ունեն, մասնակցել են գեղեցկության մրցույթների ու տարբեր ցուցադրությունների: Գեղեցկուհիները պատրաստվում են հավուր պատշաճի ներկայացնել իրենց երկիրը, որպեսզի հաղթական դափնին բաժին հասնի հենց Հայաստանին: 3-րդ գեղեցկուհու անունը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» եւ «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի եւ եւ «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երեւան)՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի։

Միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ եւ բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային նորաձեւության եւ կինոարտադրության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում եւ մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, պրոդյուսերական ընկերությունների եւ կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտներում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն: Մրցույթի նպատակներից է նաեւ ամրապնդել ԱՊՀ երկրների միջեւ միջազգային հարաբերությունները մոդելինգի եւ գեղեցկության ոլորտներում:

«ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից եւ 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։

Գեղեցկության մրցույթի եզրափակիչը կլուսաբանեն հայտնի բլոգերներ, նորաձեւության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձեւության քննադատներ, դիզայներներ եւ հայտնի աստղային դեմքեր, ովքեր հատուկ այդ միջոցառմանը մասնակցելու համար կժամանեն Հայաստան:

«ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:

Տեղեկացնենք, որ միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը:

Հ.Գ.: Արփինե Բալյանը ծնվել է 1992 թ. Երեւանում: 13 տարեկանից զբաղվում է պարով: 2010 թ. մասնակցել է SuperModel (3-րդ տեղ) եւ Միսս Ուսսուրիյսկ մրցույթներին (2-րդ տեղ): 2013 թվականից սովորում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: 

Մարինե Մարգարյանը ծնվել է 1995 թ. Երեւանում: Մանուկ հասակից հաճախել է պարի, սովորել է «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիայում: 10 տարեկանում արժանացել է «ՄԻՍՍ ՀՄԱՅՔ» մրցանակին, մասնակցել տարբեր միջազգային մրցույթների եւ գրավել մրցանակային հորիզոնականներ, ինչպես նաեւ հանդես եկել նորաձեւության ցուցադրությունների ժամանակ: Ավարտել է «ATEX» նորաձեւության կենտրոնը: Այժմ սովորում է Հայ-ռուսական համալսարանի կառավարման ֆակուլտետում: