Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի տարածքային ծրագրի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի տարածքային ծրագրի գրասենյակից
Տեղադրվել է 17-05-2017
Գիտելիքը միավորում է. նոր նախաձեռնություն ԻՄՓԱՔԹ ակումբի կողմից
Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Բերդ համայնքում գործող ԻՄՓԱՔԹ -1 ակումբի գործունեությունը համայնքի թիվ 3 եւ այլ կրթական հաստատությունների աշակերտներին միավորում է մեկ գաղափարի շուրջ՝ համախմբվել եւ գործել ի նպաստ համայնքի:

Իր բացման օրից, որը արդյունք է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի եւ թիվ 3 միջնակարգ դպրոցի համագործակցության (տնօրեն՝ Ռուզան Թումանյան), ակումբում ամեն շաբաթ ակումբականներն իրենց առաջնորդ Լիանա Քոսակյանի ղեկավարությամբ ոչ ֆորմալ կրթական մոդուլների ուսուցմամբ ձեռք են բերում գիտելիք եւ կարողություններ առաջնորդության, աշխատունակության, ակտիվ քաղաքացիության եւ այլ ասպարեզներում:  

Յուրաքանչյուր կրթական մոդուլ ավարտելուց հետո երեխաները նախաձեռնում եւ համայնքային նախագծեր են մշակում ու կենսագործում՝ համագործակցելով կրթական, տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Արդեն իրականացված երկու համայնքային ծրագրերին գումարվեց եւս մեկը՝ «Քո խաղը» ինտելեկտուալ-խաղ մրցույթը: Այն անցկացվեց Բերդի թիվ 3 հիմնական եւ ավագ դպրոցների աշակերտների մասնակցությամբ: Խաղը բաղկացած էր երեք հիմնական փուլերից, որոնք զանազան հարցեր էին պարունակում գիտության, սպորտի, մշակույթի եւ այլ հետաքրքիր ոլորտներից: Երկու թիմերը ցուցադրեցին հետաքրքիր մասնակցություն, գիտելիքներ, գործում էր թիմային ոգին, իսկ խաղի դադարների ընթացքում համայնքի պատանի երաժիշտները միջոցառումը լրացնում էին գեղեցիկ երգ-երաժշտությամբ: Մրցույթում հաղթեց թիվ 3 դպրոցի թիմը: Երեխաները ստացան պատվոգրեր եւ նվերներ: