Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 17-05-2017
Կայացավ Ցոլակ Կանթեղի «Լինեի…» գրքի շնորհանդեսը
Այսօր «Նոյյան տապան» գրատանը տեղի ունեցավ Ցոլակ Կանթեղի (Ղանդիլյան) «Լինեի…» գրքի շնորհանդեսը:

Այն, ըստ էության, խաղագիրք է, որն ինքնատիպ մի փորձ է՝ մեկ անգամ եւս հաղորդակից դառնալու հայ գրականության նշանավոր անուններից մեկի՝ Մկրտիչ Խերանյանի ստեղծագործական հետաքրքիր աշխարհին, նրա կյանքի ուշագրավ դրվագներին: Գրքի ստեղծման գաղափարը հեղինակին առաջարկել են Մկրտիչ Խերանյանի թոռները՝ Եղիշե Խերանյանն ու Վարուժան Մնացականյանը: Վերջինս նաեւ գրքի խմբագիրն է: 

Սկզբում հեղինակը թերահավատորեն է մոտեցել, սակայն աշխատանքի ընթացքում հասկացել է, որ այդպիսով կարելի է բարձրաձայնել Մկրտիչ Խերանյան անունն ու մարդկանց ծանոթացնել նրա աշխատանքների հետ: 



Ցոլակ Կանթեղի խոսքով՝ ներկա պահին շատ խաչբառեր կան, սակայն դրանք չեն համապատասխանում մեզ ու մեր խառնվածքին, քանի որ դրանք երբեմն խեղաթյուրում են մեր իրականությունը: 

«Այս գրքի միջոցով ես փորձել եմ ներկայացնել մի մարդու, ով չի արժեւորվել եւ չի ներկայացվել ժողովրդին: Նա Մկրտիչ Խերանյանն է: Սա լավ միջոց է ժողովրդին Մկրտիչ Խերանյանի գրական ժառանգությանը ծանոթացնելու համար: Ընթերցողն այդպիսով  կարող է հաղորդակցվել նրա հետ: Ամբողջ աշխատանքը ես կատարել եմ առանց համակարգչի՝ գրականությունն ու նկարչությունը համադրելով մեկ՝ «Լինեի…» գրքում»,- նշեց Ցոլակ Կանթեղը:

Վերջինս նաեւ ներկաների համար ընթերցեց խաչբառի ստեղծման պատմությունը, առանձնահատկությունները:



Գրքի խմբագիր, Մկրտիչ Խերանյանի ավագ թոռ Վարուժան Մնացականյանն անկեղծացավ ներկաների հետ՝ նշելով. «Մենք լավ գիտեինք՝ ով է նա: Յուրաքանչյուր հանդիպում տոն էր: Այդ տոնը ես եւ Եղիշեն կրում ենք մեր մեջ, մշտապես աշխատում նրա նյութերի, գրքերի հետ, այդպիսով՝ վերապրում նրա կենդանի ժամանակները: Ցոլակ Կանթեղը ոչ միայն նկարիչ է, այլեւ, ինչպես ես եմ սիրում ասել, ժամանակագետ: Նա ե՛ւ մեծերին, ե՛ւ փոքրերին հաղորդակից է դարձնում մեր գրականությանը: Գրքի աշխատանքային գործընթացը հաճելի էր ու ոգեւորիչ, քանի որ մենք, կարելի է ասել, շփվում էինք նրա աշխատանքի, ձեռագրի եւ թղթի հետ»:

Եղիշե Խերանյանն իր հերթին կարեւորեց այն հանգամանքը, որ այդ գրքի միջոցով ընթերցողը կարողանում է ճանաչել ոչ միայն Մկրտիչ Խերանյանին, նրա աշխատանքները, այլեւ ուսումնասիրել մակարդակով խաչբառ: 



Նրա խոսքով՝ այդ գործընթացը շարունակական բնույթ է կրելու, քանի որ դեռ շատ աշխատանքներ կան, որոնք անհրաժեշտ է հանրությանը ներկայացնել: Եղիշե Խերանյանը հույս հայտնեց, որ մինչեւ 2019 թվականը, երբ լրանում է Մկրտիչ Խերանյանի 120-ամյակը, շատ աշխատանքներ կտպագրվեն: 

Գրքի հեղինակն իր հերթին շնորհակալություն հայտնեց «Նոյյան տապան» գրատանը՝ գրքի շնորհանդեսն անցկացնելու համար: