Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 17-05-2017
Կայացավ «Street Workout Challenge» մրցույթ-միջոցառումը
Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր կայացավ «Street Workout Challenge» մրցույթ-միջոցառումը:

Այն համահայկական մրցույթ է, որը Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ: Մրցույթի կազմակերպիչը «Street Workout» հայաստանյան ֆեդերացիան է: 

Հիմնական նպատակն առողջ ապրելակերպի քարոզումն է, բակային մարզումների մշակույթի տարածումը,  ֆիզիկապես առողջ, ուժեղ եւ խելացի սերնդի ձեւավորումը, ինչպես նաեւ ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործման վատ սովորությունների դեմ պայքարը:

Մրցույթին մասնակցում էին Հայաստանի 13 քաղաքների  «Street Workout»-ի թիմերը: 

Ներկա էր նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Վերջինս իր ելույթում ողջունեց ներկաներին, մասնակիցներին, նրանց մաղթեց հաճելի եւ դրական օր: 

«Ես շատ ուրախ եմ, որ ներկա եմ այս հիանալի միջոցառմանը: Շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ նման նախաձեռնությամբ են հանդես եկել: Եվրոպայում այս մարզումները շատ տարածված են, քանի որ համարվում են ամենահին փողոցային մարզումները: Բացօթյա այս վարժանքները եվրոպական են իրենց բնույթով, ինչպես նաեւ՝ սիրված ողջ Եվրոպայում: Այն եվրոպական ընտանիքի մի մասն է»,- նշեց դեսպանն ու իր խոսքը եզրափակեց «Առողջ հոգի՝ առողջ մարմնում» ասացվածքով:

«Street Workout» հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարման խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը փաստեց, որ ֆեդերացիան իր ստեղծման օրից սկսած ակտիվ զարգացում է ապրում, եւ արդեն 2 տարի է, ինչ ԵՄ-ի հետ միջոցառումներ են իրականացվում: 

«Մենք այս ընթացքում մեծ աճ ենք գրանցել, որի արդյունքում հաջողությունների ենք հասել»,- նշեց Ղազար Հակոբյանը:

Մրցումների մրցավարները երեքն էին՝ Սերգեյ Թեւոսյանը, Արթուր Հարությունյանը եւ Մայք Դիգիմանը: 

Վերջինս մեծ ուրախությամբ փաստեց Հայաստանում նման մարզումների առկայության մասին: Նա մասնավորապես նշեց. «Շատ լավ է, որ Հայաստանում պատանիներն ու երիտասարդները զբաղվում են նման մարզումներով, ձգտում են տարբեր շարժումների միջոցով ցույց տալ իրենց կարողությունները»:

Այնուհետեւ սկսվեց ամենահետաքրքիրը. թիմերը ցույց տվեցին իրենց կարողությունները: Համարները բազմազան էին եւ բազմաբնույթ: Մրցավարները գնահատում էին ըստ պատրաստվածության մակարդակի, կատարողական վարպետության եւ իհարկե ըստ բարդության: 

Նշենք, որ Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարություններն արդեն կայացել են Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, իսկ առջեւում Կապանը եւ Գորիսն են: Եվրոպայի օրվա տոնակատարությունները Երեւանում կամփոփվի բացօթյա համերգով, որը Հյուսիսային պողոտայում տեղի կունենա ժամը 18:00-ին: 

Պատկերասրահ՝ «Street Workout Challenge» մրցույթ-միջոցառումը