Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-05-2017
Տեղի է ունեցել Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի բացումը
Ֆրանսիայում բացվել է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը (Festival international du film de Cannes): Փառատոնն ամեն տարի անցկացվում է Ֆրանսիայի Կանն քաղաքում: Այս հեղինակավոր կինոփառատոնն առաջին անգամ կայացել է 1939 թվականին, իսկ կանոնավոր կերպով՝ 1946 թվականից սկսած:

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե արմավենու ճյուղն» է (Palme d’Or), որը շնորհվում է ժյուրիի կողմից սահմանված տարվա լավագույն ֆիլմին։ Մի քանի անգամ այն շնորհվել է միաժամանակ մեկից ավելի ֆիլմերի։ Մյուս մրցանակներից են «Գրան պրի» լավագույն դերասանի, ռեժիսորի եւ սցենարիստի համար, «Ժյուրիի հատուկ մրցանակ», «Ոսկե արմավենու ճյուղ» լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Ոսկե տեսախցիկ» լավագույն դեբյուտային ֆիլմի համար եւ այլն։



Այս տարի Կրուազետ ծովափում հյուրերի մուտքը Փառատոների պալատ ուղեկցվում էր անվտանգության աննախադեպ միջոցառումներով: Կաննում երկշաբաթյա փառատոնի շրջանակում հերթապահություն իրականացնող ոստիկանների թվաքանակը գաղտնի է պահվում: Մինչդեռ քաղաքում 550 վերահսկման տեսախցիկներ են տեղադրվել: Անվտանգության նմանօրինակ գործողություններն իրականացվել են քաղաքապետի որոշմամբ: 



Կինոփառատոնի հանդիսավոր բացումը վստահվել էր ամերիկացի դերասան Ուիլ Սմիթին եւ իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարին: Վերջինս այս տարի գլխավորում է կինոփառատոնի ժյուրիի կազմը: Ժյուրիի կազմում են նաեւ ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, չինացի դերասանուհի Ֆան Բինբինը, Ուիլ Սմիթը, իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն, ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը: Միջոցառումը վարելու է դերասանուհի Մոնիկա Բելուչին:



Այս տարի ներկայացված 2000 ֆիլմերից մրցույթի համար ընտրվել են լավագույն 19-ը, սակայն պաշտոնական ծրագրում ներառված է 49 կինոնկար: 

«Ոսկե արմավենու ճյուղի» պոտենցիալ հավակնորդ այս տարի համարվում է Միխայել Հանեկեի «Երջանիկ ավարտ» («Happy End») ֆիլմը (Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, 2017 թ.): Մասնագետների կարծիքով՝  ֆիլմն ունի բոլոր շանսերը՝ ռեժիսորին 3-րդ «Ոսկե արմավենու ճյուղը» պարգեւելու համար: 

Նշենք, որ կինոփառատոնը կշարունակվի մինչեւ մայիսի 27-ը: