Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-05-2017
Կայացել է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի խորհրդի նիստը
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի խորհրդի նիստը:

Օրակարգային հարցերի թվում էին «Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության մոնիթորինգ եւ կառուցվածքի գնահատում» զեկույցի ներկայացումը եւ քննարկումը, ինչպես նաեւ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի 2017 թվականի հետազոտության նախագծերի ներկայացումը, քննարկումը եւ մեկ հետազոտական թեմայի հաստատումը: Ներկայացվել են Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության գնահատման հիմնական արդյունքները եւ հետազոտության արդյունքում դուրս բերված առաջարկությունները: 

Նշենք, որ 2017 թ. հետազոտության համար Խորհրդին ներկայացված նախագծերը երեքն էին՝ «Երիտասարդական մասնակցության փորձի ուսումնասիրություն», «ՀՀ երիտասարդ ընտանիքի բնութագիրը, ընտանիքի կայացման գործընթացում հանդիպող խոչընդոտները եւ աջակցության մեխանիզմները», «Երիտասարդների ստեղծագործական զբաղվածության ներուժը եւ զարգացման հեռանկարները»:

Խորհրդի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը կարեւորել է հետեւողական աշխատանքը երիտասարդների զբաղվածության խնդիրների վերհանման գործընթացում եւ հաշվի առնելով Խորհրդի մյուս անդամների կարծիքները՝ առաջարկել է 2017 թ. հետազոտության համար հիմնական թեմա հաստատել «Երիտասարդների ստեղծագործական զբաղվածության ներուժը եւ զարգացման հեռանկարները» թեմայով հետազոտության կազմակերպումը: 

Հանդիպման վերջում Խորհրդի անդամների կողմից Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի աշխատակազմին առաջարկվել է մշակել եւ քննարկման ներկայացնել վերջին հինգ տարիների ընթացքում իրականացված հետազոտությունների սինթետիկ զեկույցի պատրաստման մեթոդաբանական առաջարկ-նախագիծը: