Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 18-05-2017
Թանգարանային օրեր՝ ամբողջ աշխարհում
Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Տոնի առթիվ գարնանային այդ օրն այցելուների մուտքն ազատ է: Թանգարաններն էլ մարդկանց առաջ իրենց հյուրընկալ դռները բացում են՝ ներկայացնելով ոչ միայն հիմնական ցուցադրությունը, այլեւ տարաբնույթ միջոցառումներ, համերգներ, շնորհանդեսներ եւ այլն:

1992 թվականից ամեն տարի օրն ունենում է խորհրդին առնչվող թեմա: Այս տարի այն անցկացվում է «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո:



Օրը 1977 թվականի մայիսի 18-ին հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ: Առաջարկը ռուսական պատվիրակությանն էր: 1978 թվականից այս օրը նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում:
Գաղափարը կյանքի է կոչվել՝ հաշվի առնելով թանգարաններ այցելությունների թվի նվազումը: Օրը նպատակ ունի նպաստելու մշակութային այս կառույցների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, դրանց դերի վերաարժեւորմանը:



2005 թվականից էլ Թանգարանների միջազգային խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրախորհրդի հովանավորությամբ անցկացվում է նաեւ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Նախաձեռնություններին տարեցտարի միանում են ավելի շատ թանգարաններ, իսկ այցելուների թիվն աճում է: Այս անգամ միջոցառումներին միացել են Հայաստանի եւ Արցախի 113, իսկ ամբողջ աշխարհից՝ ավելի քան 30 հազար թանգարաններ:



««Թանգարանների գիշեր» միջոցառումը հնարավորություն է թանգարանային առարկան դիտելու բոլորովին այլ միջավայրում, գույնի եւ լույսի այլ հարաբերությամբ եւ հետեւաբար միանգամայն այլ ընկալմամբ: Այն արվեստի մթնոլորտում հանդիպելու, միջոցառումների մասնակցելու եւ մշակութային համընդհանուր տոնակատարության մասնակիցը լինելու հրաշալի հնարավորություն է»,- ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:



Այս օրերին անցկացվելիք միջոցառումների առավել մանրամասն կարելի է ծանոթանալ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում: