Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից
Տեղադրվել է 18-05-2017
Ֆուտբոլը եւ աղջիկները. կոտրելով հասարակական կարծրատիպերը
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) եւ «Girls of Armenia Leadership Soccer» (GOALS) կազմակերպությունը հունիսի 25-27-ը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում 14-16 տարեկան աղջիկների համար կանցկացնեն 3-օրյա ամառային ճամբար:

Ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր հետաքրքրված են սոցիալական խնդիրներով, առաջնորդությամբ եւ ֆուտբոլով։ 

Հետաքրքիր ուսուցողական խաղեր, հյուրեր, դասընթացներ, ֆուտբոլային հմտությանն առնչվող մի շարք վարժություններ. ճամբարի կազմակերպիչները հետաքրքիր ու յուրահատուկ ծրագիր են մշակել մասնակիցների համար: 

Իսկ ինչո՞ւ հենց ֆուտբոլ: Բացատրությունը պարզ է: Ամեն ինչ սկսվեց 2014 թ. դեկտեմբերին, երբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը ֆուտբոլային մարզիչ եւ գրող Անդրեա Մոնտալբանոյին հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու «Ֆուտբոլային դիվանագիտություն» միջոցառմանը, որի նպատակը կանանց ֆուտբոլի պրոպագանդան էր: Անդրեան լեռնագոգցի, քարակերտցի ու շենիկցի աղջիկների համար (Արմավիրի մարզ) մի փոքրիկ դասընթաց անցկացրեց՝ ցուցադրելով հատուկ նախավարժանքի տարրեր: Սակայն ամենակարեւորը նրա ոգեշնչող պատմություններն էին կանանց ֆուտբոլի կարեւորության վերաբերյալ:

Զգալով, որ հիմնադրամի շահառու գյուղերում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, Անդրեան նպաստեց, որ հիմնադրամը դառնա «Coaches across Continents» /«Մարզիչներ բոլոր մայրցամաքներից»/ կազմակերպության գործընկերը: 2016 թ. օգոստոսին CAC-ը եւ «Girls of Armenia Leadership Soccer» (GOALS) կազմակերպությունը Թումանյանում (Լոռու մարզ)՝ հիմնադրամի ստեղծած ՍՄԱՐԹ սենյակում, երկօրյա դասընթաց անցկացրին դեբեդցի, դսեղցի, արեւածագցի, աքորեցի, ձորագյուղցի ու թումանյանցի 20 մարզիչների ու 40 երեխաների համար: Դասընթացը բաղկացած էր մարզական խաղերից ու դրանց հետեւող քննարկումներից, որոնց ընթացքում խոսում էին կանանց իրավունքների, կարծրատիպեր կոտրելու, համայնքային հիմնախնդիրների, առողջ ապրելակերպի մասին: «Ֆուտբոլի սոցիալական ազդեցություն» ծրագրի մեջ ընդգրկված էին ֆիզիկական վարժանքներ ու ֆուտբոլային հնարքներ, որոնց օգնությամբ մասնակիցները սոցիալական հիմնախնդիրներ էին բացահայտում, խոսում դրանց մասին ու փորձում լուծումներ գտնել:

Ծրագրի մյուս նպատակն էր պարզել, թե մասնակիցներն ինչին են հավանություն տալիս իրենց համայնքներում եւ ինչը կցանկանային փոխել: Առաջին հանդիպումը վերածվեց 3 տարի տեւողությամբ ծրագրի, որն իրականացվելու է տեղացի մարզիչների կողմից, որոնք վերապատրաստվել են ոչ միայն գործնական պարապմունքների, այլեւ վեբինարների ու օնլայն դասընթացների միջոցով: 

Այսօր Լոռու և Տավուշի մարզերի 8 գյուղերի աղջիկների թիմեր ֆուտբոլ են խաղում և ամեն շաբաթ Ալավերդի քաղաքում մրցումների մասնակցելու բացառիկ հնարավորություն ունեն: Հնարավորություն, որի մասին շատերը չէին էլ երազել: Թե ով կդառնա մրցաշարի հաղթող, պարզ կլինի հունիսին, երբ եզրափակչում մրցեն ամենաշատ միավորներ հավաքած թիմերը: 



Անահիտ Թումանյանը Դսեղից է (Լոռի), 17 տարեկան է, մեծ հաճույքով ֆուտբոլ է խաղում: «Ոստիկան եմ ցանկանում դառնալ: Մասնագիտությունը համապատասխանում է իմ կազմվածքին: Բացի դրանից՝ շատ եմ սիրում այդ մասնագիտությունը: Ապագայում պլանավորել եմ, որ կդառնամ նաեւ ֆուտբոլիստ: Ոչ միայն ինձ, այլեւ իմ շրջապատին շատ բան են տալիս այս խաղերը: Կոտրում են կարծրատիպերը, որ ոչ միայն տղաները կարող են ֆուտբոլ խաղալ, այլեւ աղջիկները»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշում է նա: Անահիտը նաեւ փաստում է՝ ֆուտբոլային խաղերի ընթացքում ձեռք է բերել ընկերներ, ծանոթություններ, ինչպես նաեւ ինքնավստահություն: 

15-ամյա Հասմիկ Ղազարյանն էլ Բերդավանից է (Տավուշ), նույնպես ֆուտբոլ է խաղում: «Ֆուտբոլ սիրում եմ, մանկուց եմ խաղում, հաճախել եմ ֆուտբոլի պարապմունքների: Այն իմ կյանքի մի մասն է: Ֆուտբոլը սովորեցնում է ինչպես դրսեւորվել դաշտում, ձեռք եմ բերում ընկերներ»,- նշում է նա` հավելելով, որ ընտանիքում հեշտ են ընդունել նրա՝ ֆուտբոլ խաղալու փաստը, մինչ այսօր ոչ մի խնդիր չեն ունեցել: 

Նելլի Փարսադանյանի (Բերդավան) դեպքում, սակայն, ամեն ինչ այլ կերպ էր: «Ընտանիքում սկզբում դեմ էին, որ ֆուտբոլ խաղամ, շատ համոզելուց հետո հաջողվեց խաղալ: Կարծրատիպ կա, որ աղջիկները չպետք է ֆուտբոլ խաղան, միայն տղաների մարզաձեւ է: Սակայն մենք կապացուցենք, որ ֆուտբոլը նաև աղջիկների համար է»,-ասում է նա՝ հավելելով, որ ֆուտբոլը սովորեցնում է չվախենալ դժվարություններից, սահմանել նպատակներ ու հասնել դրանց:

Արթուր Ռամազյանն Ալավերդիում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է: Մարզում է 12 աղջիկների ու փաստում՝ աղջիկների դեպքում զգուշություն է պետք, քանի որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները շատ նուրբ են: Այնուամենայնիվ, մարզիչը վստահ է՝ աղջիկները սիրով են ֆուտբոլ խաղում: 

Բրայան Լեոպոլդը «Peace Corp»-ի (Խաղաղության կորպուս) կամավորներից է, վերջին երեք տարիներին Հայաստանում է: «Երբ ես եկա այս տարածաշրջան, նկատեցի, որ գյուղերում իգական սեռի ներկայացուցիչները սպորտում քիչ ակտիվություն են ցուցաբերում: Մենք ցանկանում էինք դպրոցներում աղջիկներին նույն հնարավորություններն ընձեռել, ինչ տղաներին: Ես եւ «Peace Corp»-ի այլ կամավորներ ձեւավորեցինք աղջիկների ֆուտբոլի թիմեր գյուղերում: Ակտիվ մասնակցություն նկատվեց, շատ խոստումնալից էր»,- նշում է Բրայանը: 

«Peace Corp»-ի կամավորն ուրախությամբ փաստում է, որ այսօր տղաները հաճույքով դիտում են, թե ինչպես են աղջիկները խաղում, ոգեւորում են նրանց: Սկզբում ամեն ինչ այդպես չէր, քանի որ բոլորը կարծում էինն, թե ֆուտբոլը տղաների խաղ է: Բրայան Լեոպոլդը հույս ունի, որ նախաձեռնությունը երկարատեւ կլինի: 

Նշենք, որ «Girls of Armenia Leadership Soccer» (GOALS) կազմակերպությունը հիմնվել է 2015 թ.: Ամբողջ երկրով մեկ գործունեություն ծավալող կամավորների օգնությամբ GOALS-ը բացեց առաջին կանանցի ֆուտբոլային թիմը, որը կենտրոնացած էր Գորիսում: