Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 18-05-2017
«Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը» խորագրով միջազգային 5-րդ գիտաժողովը՝ ԵՊՀ-ում
Այսօր ԵՊՀ-ում կայացավ «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը» խորագրով միջազգային 5-րդ գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպել էր ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումն ու ֆակուլտետի ՈՒԳԸ-ն:

Նպատակը երիտասարդ տնտեսագետների համախմբումն է, քանի որ այդպիսով մասնագետները կարողանում են ներկայացնել իրենց կատարած տնտեսագիտական հետազոտությունները, դրանց արդյունքները, ինչպես նաեւ մտքեր են փոխանակում:



ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարման ամբիոնի վարիչ, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Կառլեն Խաչատրյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօրվա գիտաժողովը, ինչպես նաեւ նախորդ 4-ը, հիանալի հնարավորություն եւ հարթակ են, որտեղ քննարկվում են տարբեր հարցեր ու հիմնախնդիրներ: Հատկապես այն հիմնախնդիրները, որոնք այսօր առավել սուր են արտահայտված: 

«Շատ կարեւոր է լսել երիտասարդների դիրքորոշումն ու տեսակետները տարբեր հիմնահարցերի վերաբերյալ: Ելույթներով հանդես կգա 66 երիտասարդներ՝ ուսանողներ, մագիստրոսներ, ասպիրանտներ, ինչպես նաեւ երիտասարդ գիտությունների թեկնածուներ: Նրանց թվում կան նաեւ զեկուցողներ արտերկրից՝ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Թուրքմենստանից, Տաջիկստանից»,- նշեց Կառլեն Խաչատրյանը եւ հավելեց, որ գիտաժողովում 7 թեմատիկ սեկցիա է առանձնացված, եւ փաստացի կտեւի 4 օր:

Այն հարցին, թե արդյոք հետազոտությունները կիրառելի են դառնում, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն տարի լավագույն աշխատանքները ներառվում են առանձին ժողովածուում: Դրանք տրվում են պետական տարբեր գերատեսչություններին եւ շահագրգիռ մարմիններին, ինչպես նաեւ առանձին թեմաների շուրջ կազմակերպվում են տարբեր քննարկումներ:



Նշենք, որ ԵՊՀ-ն եւ ԵՊՏՀ-ը մշտապես համագործակցում են ոլորտում եւ փորձում լուծել ոլորտի խնդիրները:

Գիտաժողովին ներկա էր նաեւ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Նա իր ելույթում ողջունեց գիտաժողովի մասնակիցներին՝ նրանց մաղթելով արդյունավետ աշխատանք: «Հետխորհրդային շրջանում դժվարություններ կային, սակայն ուրախալի է, որ գիտությունն ու հետազոտությունները դառնում են մեր գործելակերպի անբաժան մասը: Առանց այդ հետազոտությունների՝ հնարավոր չէ պատկերացնել կրթական ոլորտի բարձրացումը: Այս առումով, բնականաբար, կարեւոր է ԵՊՀ-ի եւ ՀՊՏՀ-ի համագործակցությունը, իսկ հետազոտական աշխատանքներում մասնագետների ներգրավումը գովելի է»,- ասաց Կորյուն Աթոյանը եւ հույս հայտնեց, որ մի օր տնտեսական համայնքն այնպիսին կդառնա, որ երկրի կառավարությունը կզգա դրա պահանջը: 

Կորյուն Աթոյանը նաեւ կոչ արեց ակտիվորեն զբաղվել հետազոտական աշխատանքներով, քանի որ հենց դրանք խթան կհանդիսանան գիտական կրթության զարգացումն ապահովող ճանապարհին:



Մեր թղթակիցը զրուցեց նաեւ զեկուցողներից մեկի՝ Կառավարման եւ գործարարության ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու Նունե Սահակյանի հետ: Վերջինս գիտաժողովին մասնակցում էր առաջին անգամ: Նա այն կարծիքը հայտնեց, որ նմանաբնույթ գիտաժողովները շատ կարեւոր են, քանի որ յուրաքանչյուր զեկուցող առաջ է քաշում առկա խնդիրների լուծման իր տարբերակները: Նունե Սահակյանը ներկայացրեց ՀՀ-ում մեծ կարեւորություն ներկայացնող թեմա՝ «Փոքր եւ միջին ձեռնարկության զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում»: 

«Կարծում եմ, որ իմ մասնակցությունն ու իմ աշխատանքը փոքր ներդրում կունենան հիմնախնդիրների լուծման գործում: Գործընկերներիս աշխատանքները եւս կարող են որոշ չափով օգնել մեր կառավարությանը խնդիրների լուծման ճանապարհին, ինչպես նաեւ՝ ծրագրերի ձեւավորման ժամանակ»,- նշեց Նունե Սահակյանը:

Այն հարցին, թե որքանով կօգնեն հիմնախնդիրների լուծման առաջարկները ՀՀ-ի տնտեսության զարգացմանը, եւ որքանով են այդ առաջարկները հարմար ՀՀ-ի տնտեսական մոդելին, Նունե Սահակյանը պատասխանեց. «Իմ առաջարկած տարբերակները հենց ՀՀ-ի համար են, քանի որ այն հիմնախնդիրները, որոնք ես նշել եմ, բացառապես ՀՀ-ում առկա հիմնախնդիրներն են: Ուսումնասիրությունների ընթացքում պարզ է դարձել, որ այդ հիմնախնդիրները կան, եւ ես, իհարկե, ընդունում եմ, որ կան այլ հիմնախնդիրներ եւս, սակայն հենց նրանք, որոնք ես նշել եմ, եթե լուծվեն, ապա դա մեծ առաջընթաց կլինի»: 



Գիտաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին տարբեր թեմաներ: Յուրաքանչյուր զեկուցող առաջ էր քաշել մի շարք խնդիրներ, որոնք առկա են, եւ որոնց լուծման դեպքում հնարավոր է առաջընթաց ապահովել տնտեսական ոլորտում: Առաջարկվող խնդիրներին զուգահեռ՝ մատնանշվում էին նաեւ լուծման ճանապարհները, որոնց հաղթահարման դեպքում հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքի: Ի դեպ, ներկաները յուրաքանչյուր զեկուցողի հղում էին իրենց հուզող հարցերը՝ զեկուցող-լսարան ակտիվ եւ անմիջական կապ ապահովելով: