Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 18-05-2017
«Բույր, պատկեր, հիշողություն»` Ռուսական արվեստի թանգարանում
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) բացվեց «Բույր, պատկեր, հիշողություն» ցուցահանդեսը։

Այն ներկայացնում է տարբեր երկրների եւ ժողովուրդների անցած դարաշրջանների օծանելիքները եւ նրանց սրվակները` որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ:

«Ներկայացված են ռուսական, անգլիական, ֆրանսիական եւ այլ սրվակներ: Հավաքածուն Ռուսական արվեստի թանգարանին տրամադրել է Սարգիս Ազարյանը։ Նա ունի 19-րդ դարավերջից մինչեւ 1980-ական թթ. օծանելիքների սրվակներ ու օծանելիքներ: Բնականաբար, 19-րդ դարավերջի օծանելիք չունենք. չի պահպանվել: Հանդիպում ենք ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար նախատեսված օծանելիքներ: Նշենք նաեւ, որ միջոցառմանը մասնակցում է նաեւ «Հերմիտաժ» օծանելիքների խանութը, որը ներկայացրել է իրենց տեսականին` հաճելի բույր փոխանցելով թանգարանի այցելուներին»,- մեզ հետ զրույցում նշեց Ռուսական արվեստի թանգարանի Ցուցադրությունների կազմակերպման եւ հանրահռչակման բաժնի վարիչ Տաթեւ Սարոյանը: 

Ցուցահանդեսի կազմակերպիչները վստահ են` սրվակները կարող են մեզ շատ բան պատմել: Դրանք ավելին են, քան պարզապես տարաներ` անուշաբույր նյութերի համար։ Սրվակները պատմում են ժամանակաշրջանի, մարդկանց մասին: 
Կոլեկցիոներ Սարգիս Ազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տարիներ շարունակ հավաքում է օծանելիք եւ օծանելիքի սրվակներ: 

«Այստեղ մոտավորապես 150-200 սրվակ է ներկայացված: Իմ հավաքածուն մի քանի հազար սրվակ է ներառում: Արվեստի նկատմամբ փոքրուց հետաքրքրություն եմ ունեցել: Բոլոր սրվակներն արվեստի գործեր են, ձեռքի աշխատանքներ»,- նշեց նա: 

Ցուցահանդեսն ընդգրկում է 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի կեսերի ռուսական, ֆրանսիական, անգլիական, գերմանական, չեխական օծանելիքների սրվակներ, որոնք պատրաստվել են ժամանակի հայտնի գործարանների եւ դիզայներ-նկարիչների կողմից,  ինչպիսիք էին Լյուդվիգ Մոզերը, Ռենել Լալիկը, Կազիմիր Մալեւիչը եւ այլք։ Ցուցադրության մեջ հատուկ տեղ է գրավում ռուսական օծանելիքի պատմությունը։

Պատկերասրահ՝ «Բույր, պատկեր, հիշողություն» ցուցահանդեսը​