Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 18-05-2017
Անվճար կինոցուցադրությունները սկսված են
Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն անհատույց տրամադրել է 4 շարժական կինոթատրոններ, որոնք կօգտագործվեն «Մշակութային կանգառ» մարզային ծրագրի շրջանակում:

«Մենք արդեն հայտարարել ենք «Մշակութային կանգառ» ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերում մշակութային 426 միջոցառում պետք է անցկացվի: Եվ այսօր մենք ուրախությամբ կարող ենք ասել, որ դրանցից 200-ն արդեն կյանքի են կոչվել: Այդ միջոցառումները, այդ թվում՝ ֆիլմերի ցուցադրությունները, շատ բան կարող են փոխել երկրի մշակութային կյանքում»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը: 

Շարժական կինոթատրոնների շնորհիվ բոլոր մարզերի բնակիչները կկարողանան ֆիլմեր դիտել բաց երկնքի տակ:



Մարզային ցուցադրություններին կաջակցի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, իսկ ահա կինոցուցադրությունները կլինեն անվճար:

«Հայաստանն էլ, Չինաստանն էլ շատ խոր մշակութային ավանդույթներ ունեն, ու, իհարկե, տրամաբանական է, որ երկու երկրների միջեւ մշակութային համագործակցությունն առաջնային ոլորտներից է։ Ես ուրախ եմ, որ որոշ չինական ֆիլմեր ցուցադրվելու են այս կինոսարքավորումներով»,- նշեց ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպան Թիան Էռլունը։



Կինոթատրոնների միջոցով Հայաստանի մարզերում ավելի քան 200 ֆիլմի ցուցադրություն կկազմակերպվի: Կներկայացվեն հայկական եւ չինական ֆիլմեր, ինչպես նաեւ այն կինոնկարները, որոնք ցուցադրվում են երեւանյան կինոթատրոններում:
ՀՀ մշակույթի նախարարի համոզմամբ՝ 2017 թվականը Հայաստանի համար մշակութային վերածննդի տարի է լինելու:

Հավելենք նաեւ, որ Հայաստանն ու Չինաստանն այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, եւ սա արդեն մշակութային երկրորդ համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում: