Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 19-05-2017
«Առաջին Տաթեւիկ» խորագրով համերգ՝ նվիրված Տաթեւիկ Սազանդարյանի 100-ամյակին
Ճանաչված օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթեւիկ Սազանդարյանի 100-ամյակին նվիրված համերգ կկազմակերպվի:

Մայիսի 20-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկազմակերպվի «Առաջին Տաթեւիկ» խորագիրը կրող համերգ-ներկայացումը: 

Միջոցառմանը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: 

«Երիտասարդական նվագախմբի համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Տաթեւիկ Սազանդարյանի հոբելյանին նվիրված միջոցառմանը: Կներկայացվի այն երգացանկը, որ իր կյանքի ընթացքում կատարել է Տաթեւիկ Սազանդարյանը՝ Սպենդիարյանի, Հարությունյանի, Վերդիի, Պուչչինիի եւ այլ կոմպոզիտորների գործերից։ Լավագույն օպերաների արիաները հնչելու են Երիտասարդական նվագախմբի եւ օպերային թատրոնի լավագույն մեներգիչների կատարմամբ։ Հուսով ենք, որ միջոցառման ձեւաչափը, որ առաջին անգամ է մեզ մոտ ներկայացվելու, մեծ ընդունելություն կգտնի հանդիսատեսի շրջանում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը: 

Համերգ-ներկայացման կազմակերպիչ Տաթեւիկ Հարությունյանը նշեց, որ միջոցառման ընթացքում օպերային թատրոնի ճեմասրահում կբացվի Սազանդարյանի անձնական լուսանկարների ցուցահանդեսը: Ներկայացվելու են յուրահատուկ լուսանկարներ: Կազմակերպիչը վստահ է՝ այսօր լայն տարածում ունեցող Տաթեւիկ անունը ծնունդ է առել Տաթեւիկ Սազանդարյանի հետ: 

Դա է պատճառը, որ հոբելյանական համերգ-ներկայացումը կրում է «Առաջին Տաթեւիկ» խորագիրը եւ նպատակն է ներկայացնել մեծանուն երգչուհու կյանքի ուղին  ու լսելի դարձնել նրա անզուգական ձայնը:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանն էլ տեղեկացրեց, որ մեծանուն երգչուհուն նվիրված միջոցառումները մեկնարկել են դեռ նախորդ տարվանից: Նրա խոսքով՝ սպասվում է շատ գեղեցիկ միջոցառում: