Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-05-2017
Ավիշայ Քոեն. «Ես կրքով եմ նվագում»
«Հանդիսատեսի համար երաժշտությունը նման է պատմության: Ես կրքով եմ նվագում, եւ հանդիսատեսը զգում է դա, հարգում: Ու ուզում է լսել իմ պատմությունը: Ես զգում եմ նրանց էներգիան, տեսնում նրանց աչքերը…»,- ասել է Ավիշայ Քոենը:

Հանրաճանաչ Ավիշայ Քոեն իր եռյակի հետ մայիսի 31-ին առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում: Ավիշայ Քոեն՝ կոնտրաբաս եւ վոկալ, Իտամար Դոարի՝ հարվածային գործիքներ, Օմրի Մոռ՝ դաշնամուր. հենց այս կազմն է վերջին տարիներին տարբեր երկրներում լեցուն դահլիճներ հավաքում: 

Իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող. Ավիշայ Քոենը բազում բեմեր է նվաճել: Երաժշտական քննադատները փաստում են` Քոենն օժտված է իսկական ջազմենին բնորոշ բոլոր գծերով. ունի բնածին խարիզմա, ուժեղ զգացմունքներ ու իմպրովիզներ կատարելու յուրատեսակ տաղանդ: 

Քոենը ծնվել է Երուսաղեմում 1970 թ.-ին: Շատ վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել: Պարզապես նվագում էր այն, ինչ սիրում էր: Եվ հենց ընտրության ազատությունը նրան ավելի մոտեցրեց ջազին:

14 տարեկան էր, երբ ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս: Այնտեղ պատանին տեսնում է բաս կիթառ ու սիրահարվում ջազին: Իսրայել վերադառնալուն պես նա սկսում է հաճախակի այցելել ջազային համերգների: Հետագայում սկսում է կոնտրաբաս նվագել սովորել: 

1992-ին Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբում ապրուստ վաստակելու համար աշխատում է շինարարության ոլորտում, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտական ասպարեզում: Նրան նկատում են. հաջողությունն ապահովված էր: 

…Նրա ելույթները լի են իմպրովիզներով, ինչն առավել գրավիչ է դարձնում այս կամ այն գործը նրա կատարմամբ ունկնդրելը: 

Բեմում Քոենը սովորաբար ժպտում է, պարում. համերգը վերածվում է իսկական տոնակատարության: Թե ինչպիսի շոուի ականատես կլինի հայ հանդիսատեսը, պարզ կլինի ընդամենը օրեր անց: