Նյութը՝ «Արտ Սայթ» ստուդիայից
Լուսանկարները՝ «Արտ Սայթ» ստուդիայից
Տեղադրվել է 19-05-2017
Չարենցավանի երիտասարդները թրաֆիքինգի դեմ պայքարի հարթակին
Մայիսի 13-ին «Արտ Սայթ» ստուդիայի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համագործակցությամբ մեկնարկեց «Թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացում» ծրագիրը, որը բաղկացած է 2 փուլից՝ դասընթաց եւ մրցախաղ:

Դասընթացը տեղի ունեցավ 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում: Դասընթացի հիմնական նպատակն էր երիտասարդներին իրազեկել եւ կրթել մարդկանց թրաֆիքինգի, իրավունքների, միգրացիայի, ինչպես նաեւ Չարենցավանի պատմամշակութային թեմաներով:

Հանդիպումը սկսվեց մասնակիցների, կազմակերպիչների, փորձագետների եւ հյուրերի ծանոթությամբ, որից հետո այն շարունակվեց թրաֆիքինգի հարցերով փորձագետ, ի.գ.թ., դոցենտ Դավիթ Թումասյանի պարզ հարցադրմամբ. «Ի՞նչ է մարդկանց թրաֆիքինգը»:

Զարմանալի չէր, որ երիտասարդներին հաջողվեց համատեղ ուժերով տալ սահմանումը եւ բացատրել, թե ինչպես են հասկանում եւ ընկալում թրաֆիքինգ եզրույթը:

Այնուհետեւ Դ. Թումասյանը մասնակիցներին ներկայացրեց վիճակագրական տվյալներ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ եւս մի շատ կարեւոր հարց տվեց. «Ներկաները տեղեկացվա՞ծ են՝ Չարենցավանում թրաֆիքինգի դեպք գրանցվե՞լ է, թե՞ ոչ»։ Մասնակիցները միաբերան պատասխանեցին, որ՝ ո՛չ։ Պատասխանն իհարկե ճիշտ չէր։

Դ. Թումասյանը կոնկրետ դեպքերի քննարկմամբ ներկայացրեց թրաֆիքինգի իրականացման մեխանիզմը եւ հստակեցրեց, թե որ դեպքերում է երեւույթը որակավորվում որպես թրաֆիքինգ։ Հատուկ ուշադրություն դարձվեց երեխայի թրաֆիքինգին եւ երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերին: Երիտասարդների հետաքրքրությունն առավելագույնս սեւեռված էր աշխատանքային եւ սեռական թրաֆիքինգի դեպքերին եւ ոլորտը կարգավորող օրենսդրությանը:



ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանը նույնպես մասնակիցների օգնությամբ սահմանեց, թե որոնք են մարդու իրավունքները, եւ ինչ օրենսդրությամբ են դրանք կարգավորվում։ Որպես շարունակություն նա տեղեկացրեց, թե որն է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի առաքելությունը, կառուցվածքը, գործառույթներն ու իրականացվող աշխատանքները: Լ. Սարգսյանը մասնավորապես պարզաբանեց, թե ինչ գործնական քայլեր կարող է իրականացնել ՄԻՊ գրասենյակը թրաֆիքինգի դեպքերի ժամանակ:

Դասընթացի ընթացքում նա խոսեց նաեւ երիտասարդներին առավել հետաքրքրող մարդու իրավունքների սահմանափակումների, ինչպես նաեւ սահմանափակման ոչ ենթակա իրավունքների մասին: Ներկայացման դիտակետում էին նաեւ միջազգային համաձայնագրերն ու մարդկանց շահագործման հետ ուղղակի կապ ունեցող եւ միջազգային իրավունքում արգելված գործողությունները: Համատեղ քննարկվեցին անմեղության կանխավարկածի եւ թրաֆիքինգի զոհերի անձնական տվյալների պաշտպանության հարցերը:

ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ, փորձագետ Իրինա Դավթյանն էլ անդրադարձավ միգրացիային եւ դրանից բխող խնդիրներին, ներկայացրեց, թե ինչ առաջնային փաստաթղթեր են անհրաժեշտ արտերկիր մեկնելու, այնտեղ աշխատելու կամ ապաստան հայցելու համար:

Ի. Դավթյանը հստակեցրեց, թե ինչ է արտոնագիրը, եւ ներկայացրեց արտոնագրերի  տեսակներն  ըստ նպատակների: Նա նաեւ անդրադարձ կատարեց սահմանահատմանը Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան եւ Ղրղզստան, ինչպես նաեւ խոսեց արտերկրում հաշվառման, աշխատանքի, գտնվելու ժամկետների, սոցիալական ապահովության, բժշկական օգնության եւ կրթության մասին:

Դասընթացի թեմաներից էին նաեւ արտերկրում քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգը, հարկադիր վերադարձը, արտաքսումը, մուտքի արգելքները եւ ռեադմիսիան:



Դասընթացի վերջին հատվածում Չարենցավանի երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Մարի Հովակիմյանը ներկայացրեց Չարենցավանի պատմությունն ու անցած ճանապարհը, խոսեց պատմամշակութային հուշարձաններից եւ կոթողներից, ներկայացրեց հին ու նոր կառույցներն ու տեսարժան վայրերը:

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանի օգնական Լուսինե Մնացականյանը, ով ներկա էր դասընթացին, փաստեց, որ ծրագիրն արդյունավետ է ու արդարացված երիտասարդներին թիրախային խնդիրների իրազեկման եւ նոր գիտելիքներով զինման առումով:

Դասընթացն ամփոփեց ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, «Արտ Սայթ» ստուդիայի տնօրեն, փորձագետ Արզուման Հարությունյանը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար։

Այնուհետեւ անդրադարձավ ծրագրի երկրորդ փուլի՝ մրցախաղի պայմաններին ու ժամկետներին։ Պատասխանելով մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ Ա. Հարությունյանը երիտասարդներին կոչ արեց լավագույնս պատրաստվել մրցախաղին, քանի որ այն գիտելիքները խորացնելու եւ, ինչու ոչ,  խաղի ավարտին նվերներ շահելու հիանալի հարթակ է:  

Երիտասարդները մրցախաղին պատրաստվելու եւ լավագույն արդյունքներ գրանցելու համար ունեն երկու շաբաթ: Մրցախաղը տեղի կունենա մայիսի 27-ին: