Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 19-05-2017
«PR Summit Armenia-2017»-ը մեկնարկեց
Երեւանում մեկնարկեց PR-ի եւ հաղորդակցության ոլորտում ամենամյա խոշոր գագաթնաժողովը (PR Summit): Այն այս տարի անցկացվում է 4-րդ անգամ:

Այն փորձի եւ գիտելիքի փոխանակման հարթակ է PR-ի եւ հաղորդակցության մասնագետների համար: Մեկ հարկի ներքո համախմբվելով՝ հանրային կապերի եւ հաղորդակցության ոլորտի մասնագետները, միջազգային փորձագետները, սեմինարների եւ քննարկումների ժամանակ ներկայացնում են հաղորդակցության ոլորտի նորագույն միտումները, մարտահրավերները, փորձը եւ դրանց համադրումը  Հայաստանում ու աշխարհում: 

Այս տարի եւս խոսնակներն իրենց փորձն ու գիտելիքը կփոխանցեն թվային հաղորդակցության, PR-ի չափման մեխանիզմների,  լրատվամիջոցների թափանցիկության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ այլ կարեւոր թեմաների վերաբերյալ:  

Գագաթնաժողովին ելույթով հանդես եկավ Հայաստանում Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը: 

«Բարի գալուստ PR-ի եւ հաղորդակցության ոլորտում ամենամյա խոշոր գագաթնաժողովին: Սա 4-րդ գագաթնաժողովն է: Այն լավ հնարավորություն է պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու համար: Շնորհակալ ենք նրանց, ովքեր այսօր այստեղ են, եւ շնորհակալություն մեր գործընկերներին՝ մեր կողքին լինելու համար»,- ասաց Արմեն Տեր-Կյուրեղյանն ու հաճելի հանդիպումներ եւ քննարկումներ մաղթեց: 

Այսօր իր փորձով, գիտելիքներով կիսվեց Օկլահոմայի համալսարանի Գեյլորդ քոլեջի լրագրության եւ զանգվածային հաղորդակցության մագիստրոսական ծրագրերի ղեկավար, PR-ի եւ ռազմավարական հաղորդակցության դասախոս Կատերինա Ցեցուրան: Վերջինս խոսեց շատ արդիական ու հետաքրքիր թեմայի մասին՝ «PR-ի ապագան. որո՞նք են մասնագիտության հեռանկարները»: 

Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալիզմի հասնելու համար կարեւոր են մի շարք դրույթներ՝ էթիկայի նորմերը, պրոֆեսիոնալ ստանդարտները, պրոֆեսիոնալ հասարակությունը, ինչպես նաեւ կրթական համակարգը: 

«Առհասարակ, եթե համեմատենք 20-րդ դարի հանրային կապերը 21-ի հետ, ապա, անշուշտ, առկա է տարբերություն, քանի որ ներկա՝ 21-րդ դարում հարաբերություններն ու հասարակությունն առավել կառուցողական են: Հասարակության հետ կապը կարող է նպաստել քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցությանը, որոնք ապահովում են սոցիալական կապիտալը կամ օգուտ բերում»,- նշեց բանախոսը:

Կատերինա Ցեցուրան փաստեց, որ տարբեր ոլորտներում եւ առհասարակ կյանքում կարեւոր է վստահության առկայությունը, եւ PR ոլորտը եւս բացառություն չէ: 
«Վստահությունը բանալի է PR ոլորտում հաջողության հասնելու համար»,- նշեց նա եւ հավելեց, որ ցանկացած ընկերության համար շատ կարեւոր է արդարացնել շահագրգիռ կողմերի սպասելիքները: 

Բանախոսը խոսեց նաեւ արդի լրագրության մասին՝ ամբողջ աշխարհի մակարդակով, մասնավորապես՝ թե ինչն է ազդում կամ նպաստում լրագրության որակի վրա: Բանախոսն առաջ քաշեց իրավիճակը բնութագրող հետեւյալ խոսքերը. «Մենք գիտենք, թե ով է մեր սեփականատերը, ուստի դրա համար մենք լավ գիտենք՝ ինչ թեմաներ արծարծենք եւ մատնանշենք միայն դրականը»:

Նշենք, որ հանդիպման ժամանակ ներկաներն իրենց հարցերը հղեցին բանախոսին, ով հանգամանալից փորձեց պատասխանել եւ պատասխանների միջոցով հավելյալ ինֆորմացիա փոխանցել ներկաներին: 

Հավելենք նաեւ, որ վաղը՝ մայիսի 20-ին, Կատերինա Ցեցուրան, «Ketchum» գործակալության Մոսկվայի գրասենյակի հաճախորդների հետ հարաբերության բաժնի ղեկավար Եվգենիա Կոնդրաշեւան, «Բիբլոս» բանկի կենտրոնակայանի հաղորդակցության բաժնի ղեկավար Նադա Թավիլը,  միջոցառման նախաձեռնող եւ կազմակերպիչ «Deem Communications» ընկերության PR տնօրեն Տաթեւիկ Ավետիսյանը հանդիպում կունենան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: 

Պատկերասրահ՝ PR Summit Armenia - 2017 (Օր 1)