Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 28-07-2017
Փորձագիտական խումբն այցելեց նաեւ Իջեւան
«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն եւ փորձագետները հուլիսի 27-ին այցելեցին Իջեւան:

Այցի շրջանակում փորձագետները մի շարք հանդիպումներ ունեցան, որոնց ընթացքում ծանոթացան երիտասարդության եւ երիտասարդական կազմակերպությունների հնարավորություններին եւ ոլորտների զարգացման միտումներին:

Փորձագետները նախ այցելեցին Իջեւանի քաղաքապետարան, որտեղ հանդիպում ունեցան փոխքաղաքապետ Արթուր Ճաղարյանի եւ քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի ղեկավար Լիլիթ Ղալումյանի հետ: 

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը նշեց, որ արդեն այցելել են Գավառ եւ Ջերմուկ: «Յուրաքանչյուր փորձագետ ներկայացնում է մեկ հասարակական կազմակերպություն եւ բավականին ակտիվ գործունեություն ծավալում: Մեզ համար մեծ նշանակություն ունի Տավուշի Երիտասարդական կենտրոնը՝ ի դեմս Նարեկ Վարշամյանի, ում հետ համագործակցել ենք տարբեր ծրագրերի շրջանակներում: Մրցակցությունն այս տարի բավականին թեժ է, որովհետեւ յուրաքանչյուր քաղաք փորձում է ներկայանալ յուրովի եւ հնարավորինս ակտիվ»,- նշեց Թամարա Թորոսյանը:

Քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի ղեկավար Լիլիթ Ղալումյանը ներկայացրեց քաղաքում գործող կազմակերպությունները, նրանց ծավալած գործունեությունը, համագործակցությունները, քաղաքում իրականացվող երիտասարդական նախաձեռնություններն ու միջոցառումները, ինչպես նաեւ միջազգային փոխգործակցությունները: 

Այնուհետեւ փորձագետներն այցելեցին Իջեւանի Արվեստի դպրոց, որտեղ հանդիպում ունեցան դպրոցի տնօրեն Համլետ Մխիթարյանի հետ: Վերջինս, ներկայացնելով դպրոցի գործունեությունը, նշեց, որ դպրոցն ունի 200 աշակերտ (130-ը՝  պարի բաժնում, 70-ը՝ գեղարվեստի) եւ 20 աշխատող: «Մեր դպրոցը բավականին տաղանդավոր սաներ ունի, ովքեր իրենց ուսումը շարունակում են Իջեւանում եւ Երեւանում՝ մեծ հաջողություններ գրանցելով»,- նշեց նա:

Արվեստի դպրոցին կից գտնվում են նաեւ Մշակույթի տունն ու Երաժշտական միջնակարգ դպրոցը, որոնց ղեկավարները մի շարք մանրամասներ ներկայացրեցին իրենց գործունեության եւ սաների հաջողությունների մասին:
Երաժշտական դպրոցում փորձագիտական խումբը ներկա գտնվեց Ժողովրդական գործիքների համույթի համերգին: 

Իջեւանյան այցի շրջանակում փորձագետներն այցելեցին նաեւ «Հույսի կամուրջ» եւ «ՍՕՍ մանկական գյուղ» ՀԿ-ների գրասենյակներ: Հաստատությունների ղեկավարները փորձագետներին ներկայացրեցին իրենց գործունեության շրջանակներն ու երիտասարդների ներգրավվածության մակարդակը: 

Փորձագետները հանդիպում ունեցան նաեւ «Վորլդ Վիժն»  կազմակերպության Հայաստանի Տավուշի մարզի ծրագրերի ղեկավար Գայանե Մարտիրոսյանի հետ, ով ներկայացրեց կազմակերպության երիտասարդական ծրագրի առանցքային ուղղությունները: 

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղում եւս սպասում էին փորձագետներին: Ծրագրերի/գրասենյակի համակարգող Վարսիկ Ներկարարյանը փորձագետների ուշադրությունը հրավիրեց «Իջեւան ԻնֆոՏուն» ծրագրի վրա: Նա նշեց, որ քաղաքում կարեւորվում են կամավորների դերն ու նշանակությունը: Ըստ Վարսիկ Ներկարարյանի՝ Իջեւանն ուսանողական քաղաք է, ուստի քաղաքի շարժն ապահովում են հենց ուսանողները: 

Փորձագիտական խումբը այցելեց նաեւ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ, որի կարգախոսն է «Եղիցի լույս»: Մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը եւս նշեց Իջեւանի՝ ուսանողական քաղաք լինելու մասին՝ կարեւորելով հատկապես այն փաստը, որ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը գտնվում է Ուսանողական փողոցի վրա: «Բնական է, որ յուրաքանչյուր քաղաք կցանկանա արժանանալ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» կոչմանը, եւ Իջեւանը եւս բացառություն չէ: Մեր քաղաքն ունի այդ տիտղոսին արժանանալու եւ այն պատվով կրելու բոլոր հնարավորությունները: Եթե դիտարկենք ժողովրդագրական տեսանկյունից, ապա, անշուշտ, քաղաքի տեսակարար կշիռը հենց երիտասարդներն են կազմում: Մեր համալսարանում սովորելու են գալիս նաեւ այլ քաղաքների երիտասարդներ»,-նշեց Սամվել Առաքելյանը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ով փաստեց, որ Իջեւանը մեկ ընտանիք է: «Իհարկե, մենք շատ ուրախ կլինենք, որ մեր քաղաքն արժանանա այդ տիտղոսին, սակայն մենք ուրախ կլինենք նաեւ այլ քաղաքների հաղթանակի դեպքում, քանի որ, ի վերջո, հաղթում է Հայաստանը»,- նշեց քաղաքապետը եւ հավելեց, որ Իջեւանի երիտասարդությունն իսկապես ունի շատ մեծ ներուժ:

Ուսանողական խորհրդի անդամներն ու ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի երիտասարդներն էլ փորձագետների հետ կիսվեցին իրենց գործունեության մանրամասներով եւ նշեցին, թե ինչ ծրագրեր կիրականացնեն, եթե իրենց քաղաքն արժանանա «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» կոչմանը: 

Փորձագետները այց կատարեցին նաեւ Ենոքավանի «Ապագա Ռեզորթ» հանգստի գոտի եւ մի շարք հյուրանոցային համալիրներ: 

Եվ այսպես՝ ավարտվեցին փորձագիտական այցերը հայտ ներկայացրած քաղաքներ: Հաջորդ փուլը փորձագիտական գնահատականների եւ կարճ հաղորդագրությամբ քվեարկությունների (SMS) փուլն է: 

Նշենք, որ երիտասարդական մայրաքաղաք ընտրելիս ուշադրություն է դարձվում քաղաքների հասարակական կազմակերպությունների եւ քաղաքապետարանի համատեղ ներկայացվող համայնքային, մարզային եւ հանրապետական բնույթի ծրագրերին, ինչպես նաեւ քաղաքի բազմաֆունկցիոնալ կառույցներին` հյուրանոցներին, տրանսպորտային միջոցներին, երիտասարդական ՀԿ-ների ակտիվությանը եւ այլն: 

Պատկերասրահ՝ Փորձագիտական հանձնաժողովի այցը Իջևան (2017 թ.)