Նյութը՝
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-07-2017
Եվա Եգանյանը ներկայացրել է իր «Էլի գարուն կգա» ձայնասկավառակը
Երգչուհին իր երկրպագուներին է ներկայացրել առաջին՝ «Էլի գարուն կգա» ձայնասկավառակը։

14 երգ, որից երկուսը զուգերգեր են Սասուն Պանյանի եւ Հարութ Փամբուկչյանի հետ։ Շնորհանդեսին ներկա են եղել Արա Գեւորգյանը, Սասուն Պասկեւիչյանը, Մխիթար Քեթցյանը, Արսեն Գրիգորյանը, Մարտին Ահարոնյանը, Հրանտ Մովսիսյանու, Լեւոն Թեւանյանը եւ հանրապետության այլ անվանի երաժիշտներ եւ ոլորտի գործիչներ։ «Էլի գարուն կգա» ձայնասկավառակի թողարկմանը երգչուհին պատրաստվել է մոտ երկու տարի։Ձայնասկավառակի անունը պատահական  չի ընտրված. Չարենցի խոսքերով՝ «Էլի գարուն կգա» երգի երաժշտության հեղինակը հենց Եվան է, որն էլ որոշել է դարձնել խորագիր. «Դեռեւս 2 տարի առաջ սկսեցի աշխատել ձայնասկավառակիս համար: Ճիշտ ժամանակն էր հասունացել իմ լսարանին ներկայացնելու իմ երգերը՝ մեկ փաթեթով: Կարելի է  ասել՝ իմ առաջ դրած շատ կարեւոր նպատակներից մեկը իրականացավ»,- մեզ հետ զրույցում նշեց Եվան։ 

Շնորհանդեսի ժամանակ Եվան նախ ներկայացրեց իր անձնական արխիվը՝ մանկությունից մինչեւ պրոֆեսիոնալ բեմ անցած ճանապարհը։ Իսկ համերգային մասում, որը վարում էր հեռուստահաղորդավար Վրույր Թադեւոսյանը, Եվան հանդիսատեսին նվիրեց երաժշտական կատարումներ «Մագա դանսի» եւ «Սասուն ազգագրական երգի-պարի համույթի» ուղեկցությամբ։ Ի դեպ՝ մեզ հետ զրույցում Եվան նաեւ նշեց, որ առաջիկայում ձայնասկավառակի երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ կնկարահանի։ 

Եվա Եգանյանը մասնագիտությամբ կոմպոզիտոր է, եւ ոչ միայն երգերի հեղինակ է, այլեւ նաեւ՝ գործիքային ստեղծագործությունների։ Ունի նաեւ մեծ կտավի ստեղծագործություններ։ Իսկ թե ո՞րն է նրան ավելի հոգեհարազատ՝ ստեղծագործելը, թե՞ երգելը, դժվարանում է պատասխանել։ «Երբ ստեղծագորժում եմ, կտրվում եմ իրական աշխարհից, մտքերս, հույզերս ու հոգիս պարզապես մխրճվում են երաժշտական հնչյունների  բազմերանգության մեջ: Իսկ երգերի կատարումը մի ուրիշ աշխարհ է: Եթե երգում եմ, ուրեմն երգում է հոգիս: Երբ սովորում էի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում,  ժամանակիս մեծ մասը տրամադրում էի ստեղծագործելուն, իսկ հիմա, քանի որ շատ են համերգները, ժամանակս ավելի շատ տրամադրում եմ երգին՝ չանտեսելով ստեղծագործելը»։ 

Եվան այժմ պատրաստվում է համերգային շրջագայության Եվրոպական երկրներով, եւ լինելով ակտիվ ընթացքի մեջ, վստահեցնում է՝ ժողովրդական երգն այսօր ընդլայնել է իր լսարանը,  աշխարհի հայերը շատ են սիրում ժողովրդական երգն ու երաժշտությունը։ «Վստահ ասում եմ՝ ժողովրդական երգն այսօր ավելի մեծ պահանջարկ ունի։ Բախտի բերմամբ՝ հրավերներ ստանում եմ տարբեր երկրներից, առիթ եմ ունենում շփվելու հայկական սփյուռքի շատ համայնքների ներկայացուցիչների հետ. համերգներին հանդիսատեսի շարքերում ամենատարբեր տարիքի մարդիկ են, ու բոլորը հիացած լսում են մեր երգերը»։