Նյութը՝ Մանե Մադոյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-08-2017
Դեպի Սեւան` հիմա ոչ միայն ձուկ ուտելու, այլեւ թեյ խմելու համար
Հուլիսի 29-ին Սեւանում պաշտոնապես իր գործունեությունը սկսեց «Բոհեմ» արվեստանոց թեյարանը։ «Սեւանի երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությունը ոչ միայն երիտասարդ արվեստագետների ու արվեստասերների ինքնատիպ կենտրոն է, այլեւ սոցիալական ձեռնարկատիրության հրաշալի օրինակ:

«Երբ տեղի մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված հարց է բարձրացվում, շատերը նշում են, որ մարդկանց կանքում ավելի կարեւոր խնդիրներ կան այսօր։ Մենք համոզված ենք, որ այդ՝ առաջին հայացքից առավել կարեւոր խնդիրների առաջացման հիմքում հաճախ հենց մշակութային խնդիրներն են: Ուրախ եմ, որ կարողացանք գտնել մարդկանց, ովքեր հավատացին մեզ ու մեր նախաձեռնությանը ուժ ու ֆինանսական աջակցություն տրամադրեցին»,- բացման իր ելույթում նշեց ՀԿ նախագահ, նախաձեռնության հեղինակ Գոհար Մնացականյանը:

Արվեստանոց-թեյարանը հիմնվել է՝ խթանելու Սեւան քաղաքի մշակութային կյանքը`ստեղծելով միջավայր, որտեղ կարող են ներկայացվել քաղաքի արվեստին առնչվող մարդկանց աշխատանքները, հնարավորություն տալով նաեւ հանրության լայն շրջանակներին ծանոթանալու այդ կյանքին, դառնալու դրա մի մասնիկը:

Կազմակերպիչները նշում են, որ գաղափարական մասով Բոհեմը իրականում ավելի վաղ է բացվել. նախաձեռնության անդամ երիտասարդները մինչ արվեստանոցի բացվելը, օգտագործելով եղած հնարավորությունները, ամեն կրեպ ստեղծել են միջավայր, որտեղ Սեւան քաղաքի երիտասարդ արվեստասերներն ու արվեստագետները միմյանց հետ հաղորդակցվելու եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն կունենան: «Եթե առանց այսպիսի պայմաններ ունենալու երիտասարդները կարողացել են ստեղծել այդ միջավայրը, ապա սրանից հետո կարծում եմ նրանց գործունեությունն ավելի արդյունավետ կլինի»,- ասում է արվեստանոցի հավատարիմ բարեկամներից Սեւան քաղաքի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոսը:

«Այս արվեստանոցի ամեն մի անկյունը ցույց է տալիս, թե որքան սեր, հոգատարություն ու ստեղծագործ մոտեցում է դրաված վերջինիս ստեղծման հիմքում: Ինձ համար անսպասելի էր այս սովորական քաղաքային փողոցի անկյունում այսքան գունեղ ու հյուրընկալ կտոր գտնելը»,- առաջին տպավորություններով է կիսվում գերմանացի Նատալիա Ռոսա Բուխան:

Նախաձեռնության հեղինակները ստեղծագործ մոտեցում էին ցուցաբերել նաեւ պաշտոնական բացումն ազդարարելիս. ավանդական կարմիր ժապավենի փոխարեն կազմակերպիչները թեյարանի ֆինանսական կողմն ապահովող ծրագիրն իրականացնող ՀԿ-ի նախագահ Թաթուլ Դավթյանին առաջարկեցին «Բոհեմը» բառով ցուցանակին կարմիր ներկով ավելացնել «բաց է» բառային համադրությունը:

Սեւան քաղաքում բացված գողտրիկ ու գունեղ արվեստանոց-թեյարանը ստեղծվել է «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակում: Ծրագրի ենթադրամաշնորհը ստանալու համար Գոհարը երկարաժամկետ կրթական բաղադրիչներից հետո մշակել է սոցիալական ձեռնարկատիրության իր մոդելն ու առաջարկել համայնքի զարգացման իր գործիքակազմը: Մրցույթի արդյուքում Սեւանի ԵրԱկը ընդգրկվել է 10 լավագույն նախագծերի շարքում եւ ստացել իր գաղափարներն իրականություն դարձնելու հնարավորություն:

Սոցիալական ձեռնարկատիրության ձեւաչափը ենթադրում է, որ արվեստանոց-թեյարանի եկամտի առնվազն 50%-ն ուղղվելու է համայանքային խնդիրների լուծմանը: Գոհար Մնացականյանը տեղեկացրեց` սոցիալական բաղադրիչի համար նախատեսված բոլոր ֆինանսական հոսքերն առաջիկայում ուղղվելու են «Սեւան» երաժշտական փառատոնի իրականացմանը:

Լուսանկարներն այստեղ՝ Facebook.com: