Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 11-08-2017
Արսեն Քարամյանի շնորհավորական խոսքը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի շնորհավորական խոսքը երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:

Սիրելի՛ երիտասարդներ,

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1999 թ. դեկտեմբերի 17-ի բանաձեւով աջակցեց 1998 թ. օգոստոսի 8-12-ին Լիսաբոնում կայացած երիտասարության հարցերի նախարարների համաշխարհային կոնֆերանսի առաջարկությանը՝ օգոստոսի 12-ը հայտարարել Երիտասարդության միջազգային օր:

2017 թ. այս օրը նվիրված է հակամարտությունների կանխարգելման, հասարակական փոփոխությունների, ինչպես նաեւ ներառման, սոցիալական արդարության եւ կայուն խաղաղության ապահովման գործում երիտասարդների ավանդին:

Օրվա առթով շնորհավորելով ձեզ՝ ուզում եմ շեշտել, որ արդի համաշխարհային գործընթացներում, Կայուն զարգացման նպատակների իրականացման, մասնավորապես խաղաղ եւ բաց հասարակությունների կառուցման, խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում, մեծ դեր է վերապահված երիտասարդությանը: 

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ երիտասարդներ, ամբողջ աշխարհն է ականատես, թե ինչպիսի նվիրումով, պատվախնդրությամբ եւ կամքով եք դուք ամեն օր պայքարում խաղաղության եւ անվտանգության ապահովման համար մեր հայրենիքում, տարածաշրջանում,  նաեւ՝ աշխարհի տարբեր վայրերում՝ իբրեւ հայրենիքի պաշտպաններ ու խաղաղապահներ, դիվանագետներ ու գիտնականներ, արվեստագետներ ու նորարարներ...  

Կրկին շնորհավորում եմ երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում ձեզ անսպառ ուժ ու եռանդ, խաղաղությունը պաշտպանելու հաստատակամություն եւ խաղաղության մեջ ապրելու եւ արարելու բերկրանք եւ հավաստիացնում, որ Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության նպատակը ձեզ ըստ ամենայնի աջակցել է հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում: