Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Տարոն Վարդազարյանի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 16-09-2017
Տարոն Վարդազարյան. «Կիթառը, երգն ինձ համար օդ ու ջուր են…»
Երիտասարդ տաղանդներ փնտրելու ճանապարհն այս անգամ ինձ տարավ երկրի հյուսիսարեւելյան սահմանն անառիկ պահող զորամասերից մեկը, որտեղ էլ հանդիպեցի հարցազրույցիս հերոսին: Զինծառայող, շարքային Տարոն Վարդազարյանի ելույթն ունկնդրելու եւ անկեղծորեն հիանալու առիթ ունեցել էի դեռ նախորդ տարի:

Տարոնի ու ծառայակից ընկերոջ՝ Հայկ Ալթունյանի (բիթբոքսեր) ինքնատիպ կատարումները սիրված են ոչ միայն զորամասի, այլեւ Բերդի բնակչության շրջանում: Նրանց վերջին համատեղ ելույթն էլ, որը կրկին ջերմ ընդունելության արժանացավ, օգոստոսին Բերդում կայացած «Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոնի» համերգային ծրագրի շրջանակում էր: Հայկը, ի դեպ, զորացրվել է, սակայն մայրաքաղաքից այցելել էր Բերդ՝ ընկերոջ հետ ելույթ ունենալու: 

Տարոնի հետ զրույցն ինձ համար սպասված էր, նույնքան գեղեցիկ ու հետաքրքիր, որքան կատարումները: Հարցազրույցն էլ պատրաստելիս որոշեցի՝ իմ հարցերով չեմ ընդհատի զինվորի խոսքը: 

Երեւանի հոգին եմ սիրում… 

Մանկությանս ոչ մի առավոտ չի բացվել առանց պապիս հետ զբոսանքների: Ես Սարի թաղում եմ բնակվում, եւ ամեն բացվող օրվա հետ երկար քայլում էինք, հասնում մինչեւ Քարհանք կոչվող տարածք: Մանկությանս ամենատպավորիչ, ամենատաք հուշերը պապիս հետ են կապված: 

Երեւանի մյուս հատվածը, որն ինձ համար չափազանց թանկ է, որի հետ միշտ կապված եմ եղել, տատիս՝ Պուշկինի փողոցում գտնվող տունն էր: Հիմա չկա այդ տունը, չկա իմ մանկության բակը, փոխարենը նորակառույց  շինություններ են: Սակայն դրանք ապրում են իմ հուշերում… Ես դետալ առ դետալ վերականգնում եմ տատիս տունն ու բակը: 

Երեւանն ինձ համար բացառիկ քաղաք է, եզակի ոչ թե մարդկանց կամ շենքերի գեղեցկությամբ, այլ… հոգու: Ես Երեւանի հոգին եմ սիրում: Գիշերային Երեւանի գեղեցկությունն ու խորհրդավորությունը վայելելն էլ իմ ամենասիրելի զբաղմունքն է: Սիրում եմ գիշերային զբոսանքները, հաճախ՝ միայնակ, երբ հնարավորություն եմ ունենում առանձնանալու մտքերիս հետ… Ինձ քաղաքի հետ հիշողություններն են կապում:

Այս պահին ծառայության մեջ եմ ու շատ եմ կարոտում Երեւանը: Եթե ինձ հնարավորություն տային ընտրելու մոլորակի ամենաշքեղ քաղաքներից մեկը եւ այնտեղ մեկ ամիս բնակվելու, ես կնախընտրեի մեկ օրով լինել Երեւանում:  



Երաժշտական դպրոցն ինձ համար «դժոխք» էր դարձել… 

Մեր ընտանիքում երաժիշտներ չկան: Մայրս, մորաքույրս դաշնամուր են նվագում, սակայն երաժշտական կրթություն չեն ստացել:

Իմ երաժշտական ունակությունները շատ դժվար, կարելի է ասել, նույնիսկ տանջալից ճանապարհով են հայտնաբերվել: Հինգ տարեկանից ինձ բառացիորեն ստիպողաբար տանում էին դաշնամուրի դասերի: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցն ինձ համար իսկական «դժոխք» էր դարձել (ժպտում է):

Ավարտական քննության ժամանակ ես հպարտ-հպարտ մտա  լսարան, թեեւ նոտաները բացարձակ չգիտեի: Ուստի դրանք փակեցի, դրեցի մի կողմ եւ սկսեցի նվագել մեկ այլ՝ ավելի բարդ ստեղծագործություն, որը սովորել էի լսողությամբ: Ինչեւէ, բարձր գնահատականներով ավարտեցի երաժշտական դպրոցը, սակայն հաջորդ երկու տարիների ընթացքում նվագելու բացարձակապես ցանկություն չունեի: 

Սակայն երաժշտություն սիրում էի… Դեռեւս մանկուց ռոք մշակույթի սիրահար եմ եղել: Հայրս  ինձ համար բացահայտեց  «The Beatles» խմբի կատարումները. ես 8 տարեկանից նրանց երկրպագուն եմ: Հորեղբորս խորհրդով սկսեցի նաեւ «Pink Floyd»-ի կատարումներն ունկնդրել: Բնականաբար, հետաքրքրվում էի կիթառով, երազում այն ունենալու մասին: Խանութում արդեն նկատել էի բոլոր երաժշտական գործիքներից առանձին կախված իմ երազանքի կիթառը: Այնքան մեծ էր հենց այդ կիթառն ունենալու ցանկությունը, որ անգամ մտածում էի աշխատանք գտնելու մասին, որպեսզի գումար վաստակեմ՝ երաժշտական գործիքը գնելու համար: Ծննդյանս օրը մայրս ինձ կիթառ նվիրեց: Երբ պատյանը բացեցի, գտա հենց իմ երազանքի կիթառը: Ընդամենը երկու օր հետո ես արդեն նվագում էի առաջին գործը՝ «Knockin' on Heaven's Door» երգը, որը բավականին պարզ է թե՛ նվագելու, թե՛ երգելու առումով: Հետո արդեն Linkin Park,  Green Day… Ի դեպ, ես «Kaleo» ռոք խմբի մոլի երկրպագուն եմ:  

Ամիսներ անց ես արդեն չէի ամաչում հանրության առջեւ հանդես գալուց: Հանրությունը սկզբում, բնականաբար, ծնողներս, ընտանիքս, ընկերներս էին: Հետո սկսեցի այցելել երեւանյան փաբեր: Առաջին անգամ ելույթ ունեցա «Station» փաբում: 15 տարեկան էի: Դա իմ առաջին բեմական փորձն էր: Թեպետ բեմ չկար, բայց կար ինձ ունկնդրող լսարան: 

Այնուհետեւ մասնակցեցի «X Factor» նախագծին, որտեղ էլ ծանոթացա Հայկ Ալթունյանի հետ: Հետագայում մենք ծառայեցինք նույն զորամասում եւ մտերիմ ընկերներ դարձանք: Ելույթս երեւի այնքան էլ հաջող չէր, եւ ես երկու «այո», երկու «ոչ»-ով չկարողացա անցնել հաջորդ փուլ: Ելույթից հետո հետնաբեմում մի աղջկա հետ ծանոթացա: Զրուցեցինք, պարզվեց՝ երաժշտական նույն նախասիրություններն ունենք եւ որոշեցինք զուգերգ կատարել: Մեզ ընդառաջեցին եւ թույլ տվեցին ելույթ ունենալ, որը, իհարկե, ոչ մրցութային էր: Կատարեցինք Բոբ Մառլիի «No woman, no cry» երգը: Ելույթը բավականին հաջող էր, մեզ անգամ առաջարկեցին մրցույթը շարունակել դուետով: Դա իմ առաջին փոքրիկ հաջողությունն էր երաժշտության ասպարեզում: 

Հետագայում մասնակցեցի նաեւ «Հայաստանի ձայն» նախագծին: Լուրջ հաջողություն չունեցա, ինչի պատճառը, կարծում եմ, բեմական փորձի պակասն էր, սակայն ելույթս  տպավորիչ էր. ժյուրիի անդամները բավականին երկար ժամանակ հիշում եւ քննարկում էին իմ կատարումը: 

Մասնակցեցի մի շարք այլ մրցույթների եւս, ապա ծանոթացա իմ լավ ընկերոջ՝ Մարեկի հետ, ով «Ռեինկարնացիա» խմբում հարվածային գործիքներ է նվագում: Մարեկի օգնությամբ ես ավելի լուջ հաջողությունների հասա: Նրա ջանքերով ստեղծվեց ջազ բենդ, որի վոկալիստը ես եմ: Իմ բանակ զորակոչվելուց  առաջ բենդը դադարեցրեց իր գործունեությունը, սակայն  ընկերներս սպասում են ինձ: Զորացրվելուց հետո բավականին լուրջ նպատակներ ունեմ, քանի որ առանց երգի կյանքս չեմ պատկերացնում: Կիթառը, երգն ինձ համար օդ ու ջուր են…

Զորակոչվելուց 5 օր անց ելույթ ունեցա զորամասում…

Ես բանակ զորակոչվեցի հունվարի 23-ին: Մեր ուսումնական վաշտում բոլորն իմացան, որ երգում եմ: Հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ կազմավորման հերթական տարեդարձին նվիրված միջոցառում էր կազմակերպվել զորամասում: Մեր սերժանտներից մեկը, չգիտեմ ինչպես, կիթառ էր հայթայթել եւ ինձ գրեթե ստիպողաբար բեմ ուղեկցեց (ժպտում է): Դա իմ առաջին ելույթն էր բանակում, որը ջերմ ընդունելության արժանացավ թե՛ զորքի, թե՛ քաղաքացիական հյուրերի կողմից: 

Կիթառից ու դաշնամուրից բացի՝ տիրապետում եմ նաեւ հարվածային գործիքների: Երբ ծառայության անցա նվագախմբում, սկսեցի փոքր թմբուկ, հետագայում նաեւ փողային գործիքներից՝ տենոր նվագել:  

Թե՛ զորամասում, թե՛ Բերդ քաղաքում տարբեր միջոցառումների եմ մասնակցել: Մի քանի ամսից զորացրվելու եմ, սակայն նպատակ ունեմ հաջորդ տարի եւս ընկերոջս՝ Հայկի հետ այցելել Բերդ եւ մեր ելույթներով ուրախացնել հանդիսատեսին:



Մոռացել եմ ծառայության ընթացքում կարդացած գրքերի քանակը…

Թող ոչ ոք չմտածի, թե ծառայությունը հեշտ է: Դժվարությունները, բնականաբար, շատ են, բայց հենց դրանց հաղթահարմամբ են պայմանավորված այն անգնահատելի ձեռքբերումները, որ ունեցել եմ ծառայության ընթացքում: Առաջին հերթին ամուր կամք եմ ձեռք բերել, կոփվել թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Ամենակարեւորն էլ այն է, որ բանակն ինձ նաեւ ինքնակրթությամբ զբաղվելու հնարավորություն տվեց: Ես արդեն մոռացել եմ ծառայության ընթացքում կարդացած գրքերի քանակը: 

Իմ ամենասիրելի ստեղծագործությունը, որը կարդացել եմ այստեղ, Ագաթա Քրիստիի «Սպանություն գոլֆի դաշտում» վեպն է: Առհասարակ, սիրում եմ դետեկտիվ գրականություն, նաեւ՝ հոգեբանական գրքեր: Իմ սիրելի գրողների շարքում են նաեւ Ալբեր Քամյուն, Ֆրանց Կաֆկան, Էդգար Ալան Պոն…

Կինոման եմ…

Ես կինոման եմ… Արդեն քանի տարի է՝ փորձում եմ կազմել իմ սիրած ֆիլմերի հարյուրյակը, բայց ոչ մի կերպ չի ստացվում: Բոլոր ֆիլմերն այնքան արժանիքներ ունեն, որ պետք է դասավորել կողք կողքի…

Այնքան մեծ էր հետաքրքրությունս կինոաշխարհի նկատմամբ, որ ընդունվեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Զորացրվելուց հետո կշարունակեմ ուսումս: Ունեմ կարճամետրաժ ֆիլմեր, որոնցից մի քանիսը չեն հրապարակվել: Իհարկե, դրանք ոչ պրոֆեսիոնալ աշխատանքներ են, սակայն կատարվել են պրոֆեսիոնալ դերասանների կողմից: Նպատակ ունեմ զորացրվելուց հետո  կատարելագործել դրանք: 

Բերդում արդեն երկրպագուներ ունեմ… 

Խոսեցինք ծառայության ժամանակ ունեցած ձեռքբերումների մասին: Ես պետք է նշեմ, որ ամենամեծ ձեռքբերումներից են մարդիկ՝ թե՛ բանակային ընկերներս, որոնցից ոմանք արդեն զորացրվել են, թե՛ տեղացի բարեկամներս, մտերիմներս: Ես Բերդում արդեն երկրպագուներ էլ ունեմ (ժպտում է), ինձ մտերիմ մարդիկ, ովքեր միշտ իմ կողքին են եղել, հետաքրքրվել իմ որպիսիությամբ: Ես սիրում ու գնահատում եմ նրանց, հպարտանում, որ կողքիս են: 

Հ.Գ.: Երբ զրուցում էինք ծառայության մեծ ու փոքր դժվարությունների մասին, խնդրեցի առանձնացնել ամենամեծ դժվարությունը, պատմեցի, որ զինվորները սովորաբար կարոտն են մատնանշում, ինչը ժամանակի ընթացքում փոքր-ինչ մեղմանում ու սովորական է դառնում:
Զրուցակիցս, սակայն, հակադարձեց. 
«Կարոտը սովորական չի կարող դառնալ, քանի որ մարդու ստեղծածը չէ: Այն ներկան անցյալի հետ կապող օղակն է, առանց որի պարզապես չես կարող ապրել: Միջավայրը, կարգուկանոնն են անսովոր լինում ու ժամանակի ընթացքում դառնում  առօրեական: Ժամանակը երբեք չի մեղմացնում կարոտը… Մարդը չի կարող սովորել կարոտին»