Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-09-2017
Այսօր Աստղագիտության օրն է
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 18-ը նշվելու է որպես Աստղագիտության օր:

2009 թ. հունվարի 8-ի նիստում ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել ականավոր աստղագետ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, այսուհետ նշել որպես Աստղագիտության օր:

Ի դեպ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Վիկտոր Համբարձումյանի անվամբ աստղ է կոչվել, ինչպես նաեւ Հայաստանի Բյուրականի աստղադիտարանը, որի հիմնադիրը հենց մեծ ակադեմիկոսն է: 

Հյուսիսային Կալիֆորնիայի Աստղագիտական ընկերակցության նախագահ Դ. Վերգերը, կարեւորելով աստղերի հետ ավելի հաճախ հանդիպումը, որոշել էր, որ պետք չէ մարդկանց քարոզել հաղթահարել մեծ հեռավորություններ` բաց դռների օրերին հայտնի աստղագիտարաններ այցելելու համար. փոխարենը կարելի է բազմամարդ վայրերում` փողոցներում, առեւտրային կենտրոններում, այգիներում, հասանելի հեռադիտակներ տեղադրել։1973 թ. բազմաթիվ աստղադիտակներ տեղադրվեցին հասարակական վայրերում, որպեսզի ցանկացած հետաքրքրվող երկնքի գեղեցկությամբ հիանալու հնարավորություն ունենար:  

Ինչ վերաբերում է երեւանյան այս հիասքանչ օրվան, ապա այն աստղադիտարան այցելելու հիանալի առիթ է, իսկ եթե Բյուրական գնալը փոքր-ինչ բարդ է, ապա կարելի է պարզապես այցելել «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ էլ երիտասարդ աստղագետների եւ հեռադիտակի շնորհիվ կարող եք տեսնել  աստղազարդ երկինքն իր ամբողջ գեղեցկությամբ։