Նյութը՝ Դիանա Եղիազարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-09-2017
Ապագան կերտելու ներուժը երիտասարդության ձեռքերում է
Երեւանում անցկացվում է Եվրոպական երիտասարդական պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումը, որը նվիրված է ԵՄ-ում եւ Արեւելյան հարեւանության երկրներում անվտանգության մարտահրավերների լուծմանը:

Սեպտեմբերի 17-ից 23-ը Երեւանում են հավաքվել ավելի քան 160 երիտասարդներ 12 երկրից: Եվրոպական ու Արեւելյան համագործակցության երկրներից Հայաստան ժամանած երիտասարդները Եվրոպական երիտասարդական պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումի շրջանակում քննարկելու են անվտանգությանն ուղղված մի շարք խնդիրներ՝ Կովկասյան տարածաշրջանում էներգիայի անվտանգություն, կոնֆլիկտային տարածաշրջաններում մարդու եւ հատկապես երեխաների իրավունքների պաշտպանություն, էլեկտրոնային կառավարում ու կիբերանվտանգություն, խոսքի ազատություն, կայուն ու խելացի ուղեւորափոխադրում եւ այլն:

Ֆորումի բացման պաշտոնական արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: 

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ ողջունելի է, որ եվրոպացի երիտասարդները ժամանել են Հայաստան՝ մասնակցելու նմանօրինակ միջոցառման, քանի որ փորձի փոխանակումն ու շփումները անհրաժեշտ են համագործակցության համար. «ԵՄ-ն հավատում է երիտասարդությանը, քանի որ ապագան կերտելու ներուժը ձեր ձեռքերում է: Ինձ այդպես զարմացած մի՛ նայեք, ես արդեն շատ փորձառու եմ ապագայի հարցերին լուծում տալու համար: Հայաստանը՝ Երեւանը, ամենահարմար վայրերից մեկն է այսպիսի գեղեցիկ ու կարեւոր միջոցառում հյուրընկալելու համար»:

Հայաստանում ԳԴՀ արտակարգ ու լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն էլ ողջույնի խոսքում նշեց, որ մեծապես տպավորված է այն գործունեությամբ, որն իրականացնում է Եվրոպական երիտասարդական պառլամենտը. «Իսկապես տպավորիչ է: Ես փոքրիկ հետազոտություն կատարեցի այստեղ գալուց առաջ, եւ տեղեկատվությունը, որ գտա կազմակերպության մասին, ոգեւորող է: Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի գրասենյակն ուրախությամբ է աջակցում այսօրինակ միջոցառմանը»:

Ֆորումի մասնակիցները յոթօրյա քննարկումից հետո մասնակիցների բաց քվեարկությունն անցած լուծումները կներկայացնեն Եվրոպական երիտասարդական պառլամենտի՝ Բեռլինում գտնվող միջազգային գրասենյակի դատին: 

Համաժողովի շրջանակում, կրթական աշխատանքներից բացի, միջոցառման օտարերկրացի մասնակիցները՝ ժամանած Գերմանիայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Իսպանիայից, Լատվիայից եւ ԵՄ Արեւելյան հարեւանության երկրներից, կծանոթանան հայկական մշակույթին ու պատմական ժառանգություններին՝ մասնակցելով սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին նվիրված տոնակատարություններին, այցելելով թանգարաններ եւ այլն: Մշակութային միջոցառումների եւ փորձի փոխանակման շնորհիվ հայաստանցի պատվիրակներն էլ կզարգացնեն միջմշակութային հաղորդակցության հմտություններ:

Հ.Գ.: Եվրոպական երիտասարդական պառլամենտն անկուսակցական, անկախ կրթական ծրագիր է: Այն բանավեճերի, միջմշակութային հանդիպումների, քաղաքական, կրթական աշխատանքների եւ երիտասարդների միջեւ գաղափարների փոխանակման եվրոպական ամենամեծ հարթակներից մեկն է, որի առաքելությունը տեղեկացված եւ պատասխանատու երիտասարդների զարգացումն է: ԵԵՊ հայաստանյան ներկայացուցչությունը ստեղծվել է 2012 թվականին եւ իր գործունեության շուրջ 5 տարվա ընթացքում ավելի քան 50 նախագծեր է իրականացրել: