Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 20-09-2017
Գինու փառատոնը՝ Արցախում
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Տողի մելիքանիստ ապարանքի տարածքում տեղի ունեցավ արցախյան գինու 4-րդ փառատոնը:


Հադրութի Տող գյուղում սեպտեմբերի 16-ին կազմակերպվել էին հայաստանյան եւ արցախյան գինի արտադրողների տոնավաճառ, ավանդական ուտեստների համտես-ցուցադրություն, գյուղատնտեսական ապրանքների եւ ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք: 



Արցախյան գինու չորրորդ փառատոնին ներկա էր ԱՀ վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Կազմակերպիչները նշում են, որ տարիների ընթացքում փառատոնի հանդեպ հասարակության հետաքրքրվածությունը բավականին մեծ աճ է գրանցում, ինչի ապացույցն է մասնակիցների եւ այցելուների քանակը:



Վարանդայից, Խաչենից, Ջրաբերդից, Դիզակից եւ Գյուլիստանից բերված խաղողը Տող գյուղում խառնելուց հետո, գինեգործության ավանդույթների համաձայն, կատարվեց տաշտում գինի ճզմելու ծիսակատարությունը:



ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը նշում է, որ նախորդ տարիների համեմատ՝ կան որոշ փոփոխություններ: Այս տարի առաջին անգամ տնական եւ մասնագիտացված արտադրությունները ներկայացված էին առանձին հարթակներում: 



«Փառատոնի էությունը մնում է նույնը. ստեղծել մի միջավայր, որտեղ մարդիկ կարող են ուրախանալ, եւ միջավայր, որը լրացուցիչ խթան է զբոսաշրջիկների՝ դեպի Արցախ այցելության համար»,- նշեց Սերգեյ Շահվերդյանը:



Փառատոնի շրջանակում գործում էր նաեւ «Տողի մելիքական ապարանքի գանձերը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին վերջին ամիսների ընթացքում Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների մի մասը:



«Հադրութի Տող գյուղը բավականին հայտնի է դարձել ինչպես «Կատարո» գինու, այնպես էլ մելիքական ապարանքի շնորհիվ: Բացի դրանից՝ այսօր արցախյան լավագույն գինին դուրս է գալիս հենց Տող գյուղից: Ուստի փառատոնը կազմակերպվել է ճիշտ տեղում»,- նշեց Հայաստանում եւ Ռուսաստանում «Կարաս» գինիների ներկայացուցիչ Վլադ Խաչատրյանը եւ հավելեց, որ փառատոնն էլ ավելի է առաջադիմում, բարելավվում, իսկ զբոսաշրջիկ-այցելուների թիվը՝ ավելանում:



Իրականացվեց նաեւ մշակութային ծրագիր: Ազգային երգերի եւ պարերի կատարումներից զատ՝ տեղի ունեցավ վիճակախաղ: Հաղթողները պարգեւատրվեցին Ստեփանակերտի գինու գործարանի կողմից սահմանված նվերներով:



«Մեր ջահելները քաղաք չեն գնում: Իրենք սիրում են իրենց գյուղը, իսկ աշխատողն ամեն տեղ կաշխատի: Մենք շատ ուրախ ենք, որ այստեղ ունենք գինու գործարան, կարողանում ենք մասնակցել խաղողաքաղին, այս փառատոնին: Աշխատատեղեր են ավելանում: Մենք աշխատում եւ ապրում ենք: Միայն առողջություն եւ խաղաղություն ենք ցանկանում»,-Erit.am-ի հետ զրույցում նշեց Տող գյուղի բնակչուհի Նովելա Բալայանը: