Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-09-2017
Մարզական միջոցառում՝ նվիրված Անկախության օրվան
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը սեպտեմբերի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից հրապարակում (Ազատության հրապարակ) եւ Հյուսիսային պողոտայում կազմակերպեց մարզական միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:

Միջոցառմանը մասնակցեցին մարզական ֆեդերացիաներ, նախարարության ենթակայության մարզադպրոցներ: Հրապարակում եւ պողոտայում տիրում էր մարզական ոգին:

Միջոցառմանը մասնակցեցին բադմինթոն, բազկամարտ, բասկետբոլ, ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, թաեքվոնդո, թենիս, կարատե, կոխ, հեծանվային սպորտ, ակրոբատիկա, սամբո, սեղանի թենիս, վոլեյբոլ, սուսերամարտ, ուշու, շախմատ մարզաձեւերը ներկայացնող մարզիկներ: Նրանք հանդես եկան ցուցադրական ելույթներով եւ երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայացրին այդ մարզաձեւերի առանձնահատկությունները եւ առավելությունները: 



Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի մարզիչ, միջազգային սեւ գոտի, 1-ին դան Հայկ Հակոբյանն անկախության սերնդի ներկայացուցիչ է։ Թաեքվոնդոյի մարզիչ է 2009-ից, ունի աշակերտներ, ովքեր դարձել են Հայաստանի չեմպիոններ։ Հիմա էլ նրանց պատրաստում է միջազգային մրցումների համար։

«Անկախությունն ինձ համար լոկ գաղափար չէ, ես հենց անկախության ծնունդ եմ, 1991 թ. եմ ծնվել։ Անկախության շուրջ կարող է համախմբվել մի ամբողջ ազգ, ու հնարավոր կլինի նոր սերնդի միջոցով այդ գաղափարը տարածել»,- մեզ հետ զրույցում նշեց նա։

Հայկ Հակոբյանն ընդգծում է՝ ամեն տարի՝ սեպտեմբերի 21-ին, նմանօրինակ միջոցառում է կազմակերպվում: «Երեխաները գալիս են, ցույց են տալիս իրենց վարպետությունը, արվեստը։ Այս անգամ 30 երեխա է ներկայացված»,- հավելում է մարզիչը։

Նշենք, որ միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի շրջանում։