Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-09-2017
Ինչպիսին կլինեն ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները
Սեուլում ներկայացվեցին Փհենչոնի 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները:

Ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2018 թվականի փետրվարի 9-ից եւ երկու շաբաթ շարունակ մարզասերների ուշադրությունը սեւեռված կլինի դեպի Հարավային Կորեա՝ Փհենչոն, որտեղ կխաղարկվի 99 մեդալային հավաքածու: Մարզական միջոցառման կազմկոմիտեն երեկ վերջապես հանրությանն է ներկայացրել այդքան սպասված մեդալները:

Դիզայնի հեղինակային խումբը փորձել է պահպանել կորեական մշակույթի ավանդույթները: Մեդալների դիմային մասում արված հստակ գծերը խորհրդանշում են Օլիմպիական խաղերի պատմությունը եւ մարզիկների՝ հաղթանակ հասնելու ձգտումը: Մյուս կողմում դաջված են խաղերի խորհրդանիշ օղակները: 

Մեդալների վրա առկա են նաեւ գրություններ կորեական այբուբենի տառերով, որոնք արվել են կորեական մշակույթի ավանդույթները պահպանելու համար: Առանձնահատուկ տեղ ունի նաեւ մեդալների երիզը: Այն պատրաստված է կորեական ազգային կտորից եւ ընտրված գույնն էլ հատուկ է՝ խորհրդանշում է երկրի առավոտների գեղեցկությունը: