Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 22-09-2017
Թերրի Ջորջ. ««Խոստումը» կինոնկարն իմ նկարած կարեւոր ֆիլմերի ցանկում է»
«ՀԲԸՄ Հայաստան»-ը «Խոստումը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի եւ ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի մասնակցությամբ ասուլիս էր կազմակերպել:

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» oսկարակիր ռեժիսորի կողմից նկարահանված առաջին մեծածավալ եւ խոշոր բյուջեով ֆիլմն է: Լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր եւ oսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային այնպիսի աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը եւ այլք։

Թերրի Ջորջը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց՝ ֆիլմը հաջողված է համարում հատկապես մարդկանց իրականությունը ներկայացնելու առումով: Ըստ ռեժիսորի՝ ոչ հայ հանդիսատեսի արձագանքը ֆիլմին գրեթե նույնն է եղել. նրանք պարզել են, որ կա՛մ չգիտեին Հայոց ցեղասպանության մասին, կա՛մ շատ քիչ բան գիտեն: «Երբ ոչ հայ ռեժիսորների կամ հանդիսատեսի կողմից լսում եմ, որ երբեք չէին լսել Հայոց ցեղասպանության մասին եւ զարմանում են, որ ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան մինչ օրս չեն ճանաչել այն, եւ որ Թուրքիայի Կառավարությունը մերժում է Ցեղասպանությունը: Այս առումով, կարծում եմ, ֆիլմը հաջողված է։ Հիմնականում ֆիլմը դիտելուց հետո երկու կարծիք եմ լսել. մենք շատ քիչ գիտեինք Հայոց ցեղասպանության մասին եւ մենք չգիտեինք այդ մասին որեւէ բան։ Կարծում եմ՝ ֆիլմը որոշակի կրթական խնդիրներ է լուծում նաեւ այս առումով, եւ բացի դրանից՝ մենք փորձում ենք ֆիլմի միջոցով ուշադրություն հրավիրել փախստականների խնդրին, որը մինչ օրս կա: Շատերն ապշում են, զարմանում ու պարզապես չեն կարողանում հավատալ, որ նման բան է եղել, եւ Թուրքիան դեռ չի ընդունել իր մեղքը»։ 

Սա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջի երկրորդ այցն է Հայաստան. առաջին անգամ նա Հայաստան էր եկել չորս տարի առաջ՝ ֆիլմի համար ուսումնասիրություններ անելու նպատակով. ««Խոստումը» կինոնկարն իմ նկարած կարեւոր ֆիլմերի ցանկում է, եւ ես հուզմունքով եմ Հայաստան վերադառնում, քանի որ հայ ժողովրդի նախնիները տառապել են ֆիլմում նկարագրված հանցագործությունների պատճառով: Ձեր կորստի, ցավի ու տանջանքի միայն փոքրիկ բեկորն է ներկայացված ժապավենում: Կարծում եմ, որ կինոն նման թեմաներ արծարծելու, դրանք պատմելու լավագույն արտահայտչամիջոցն է»: 

Պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի խոսքով` Թերրի Ջորջը ստանձնել է մի նախագծի իրականացում, որից շատերն էին վախենում. «Պատճառը ճշմարտության բացահայտման դեմ ուղղված քարոզչությունն է: Սակայն ֆիլմը կայացավ, եւ ինչպես հայ ժողովուրդը, Հայաստան աշխարհն են վկայում՝ հայերս կանք, ապրում ենք եւ կլինենք»։

Հիշեցնենք, որ «Խոստումը» ֆիլմը համամարդկային խնդիրներ է շոշափում, այն պատմություն է սովորական մարդկանց մասին, ովքեր փորձում են հաղթահարել չարիքը: